2017 թվականի նոյեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շրջայց կատարեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդությունում: Թեմակալ առաջնորդին ընկերակցում էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արտակ Գրաբսկին, թեմի ֆինանսական բաժնի տնօրեն Մարգարիտա Կիրակոսյանը և վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը:
Վազգեն Սրբազանի առաջին կանգառը Ծալկայի շրջանի Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին էր: Թեմակալ առաջնորդը տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի ուղեկցությամբ այցելեց եկեղեցի, ուսումնասիրեց եկեղեցու ընդհանուր վիճակը, ունկնդրեց հոգևոր հովվի կատարած աշխատանքի մասին տեղեկատվությունը և Տեր հոր հետ միասին Սուրբ խորանի առջև կատարեց միասնական աղոթք:
Վիրահայոց թեմի առաջնորդը այց կատարեց նաև Նինոծմինդայի Ռաֆայել – Ջավախ կրթամշակութային և երիտասարդության կենտրոն,, որտեղ շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը ներկայացրեց հովվությունում և կենտրոնում տարվող աշատանքները:
Ռաֆայել-Ջավախ կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը հանգամանալից խոսեց կենտրոնում գործող ստեղծագործական խմբակների ծրագրավորված աշխատանքների մասին:
Հանդիպմանը մասնակցող կենտրոնի մանկավարժները և աշխատակիցները առանձին-առանձին ներկայացրեցին իրենց խմբակները, ուսուցման մեթոդները և գալիք ծրագրերը:
Կենտրոնում գործող երգի, պարի, ասմունքի, հայ ժողովրդի և հայոց Եկեղեցու պատմության, գեղագիտական դաստիարակության, անգլերենի խմբակներում ուսուցման դասընթացները մեծ գոհունակություն առաջացրեցին թեմակալ առաջնորդի մոտ: Սրբազանն իր բարձր գնահատանքը և օրհնությունը փոխանցեց հոգևոր հովվին, կենտրոնի տնօրինությանը և մանկավարժներին՝ նվիրյալ աշխատանքի համար: Վիրահայոց թեմի առաջնորդը Տեր Արմաշ քահանա Պողոսյանին նվիրեց թբիլիսահայ ճանաչված նկարիչ Թենգիզ Միկոյանցի թբիլիսյան պատկերով գեղանկար աշխատանքը: Գոհացուցիչ էր այն հանգամանքը, որ կենտրոն հաճախում են նաև երեխաներ Նինոծմինդայի շրջանի գյուղերից:
Կատարված աշխատանքներից իր գոհունակությունը արտահայտեց նաև Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արտակ Գրաբսկին:
Հանդիպման ավարտին ուսուցչական կազմը և հոգևոր սպասավորները Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարեցին գոհաբանական աղոթք:
Հավարտ արարողության, արժանապատիվ Տեր Արմաշ քահանան թեմակալ առաջնորդին տեղեկացրեց եկեղեցում կատարված նոր նվիրատվությունների մասին. արժանավոր հայորդի բարերար Վարազդատ Մարաբյանը եկեղեցուն նվիրել է երգեհոն և եկեղեցական սպասք:
Նինոծմինդայում հանդիպումն ավարտելուց հետո Վիրահայոց թեմի առաջնորդը ուղեկիցների հետ միասին այցելեց Ախալքալաք, որտեղ նրան դիմավորեցին տեղի հոգևոր հովիվներ արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը և արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում Սրբազան Հայրը մասնակցեց երեկոյան ժամերգությանը:
Եկեղեցական արարողությունից հետո Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը Արտակ Գրաբսկիի հետ այցելեցին jnews լրատվական կենտրոն, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին: Առաջնորդը և դիվանագետը տվեցին իրենց բարձր գնահատականը տեղեկատվական կենտրոնի գործունեությանը: Լրատվական կենտրոնի աշխատակազմի հետ հանդիպմանը քննարկվեցին նաև աշխատանքային հարցեր:
Վիրահայոց թեմի առաջնորդն իր ուղեկիցների հետ միասին այցելեց փոխառաջնորդարան, որտեղ գործնական հանդիպում ունեցավ աշխատակազմի հետ:
Ավելի ուշ թեմակալ առաջնորդը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի, Ախալքալաքի նորընտիր քաղաքապետ Յուրի Հունանյանի և Սակրեբուլոյի նորընտիր նախագահ Նաիրի Իրիցյանի հետ:
Վազգեն Սրբազանը հանուն Վիրահայոց թեմի հոգևոր դասի և պաշտոնեության շնորհավորեց մեծահարգ պատգամավորին շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները խաղաղ մթնոլորտում և բարձր մակարդակով կազմակերպելու համար, արժևորեց պատգամավորի կողմից հայոց եկեղեցու, մշակույթի և կրթության նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրությունը:
Թեմակալ առաջնորդը շնորհավորեց և իր օրհնությունը բաշխեց նորընտիր քաղաքապետին և Սակրեբուլոյի նախագահին, մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն:
Վիրահայոց թեմի առաջնորդի շրջայցը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդությունում շարունակվում է:
|