Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառումներին |
Լուրեր |
2017 թվականի նոյեմբերի 15-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցի սրահում մասնակցեց Հանդուրժողականության օրվան նվիրված խորհրդաժողովին: Ժողովը կազմակերպել էր Վրաստանի Կառավարությանն առընթեր Կրոնի հարցերով պետական գործակալությունը: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում գործող կրոնական համայնքների առաջնորդները, քաղաքացիական հասարակայնության ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ և պետական գործիչներ: Ժողովը բացեց Կրոնի հարցերով պետական գործակալության տնօրեն Զազա Վաշաղմաձեն, ապա ողջույնի խոսքով հանդես եկան՝ Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, Վրաստանի Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն: Հանդիպմանը ընթերցվեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի ողջույնի խոսքը: Բանախոսությամբ հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը բարձրացրեց կրոնական համայնքներին և հատկապես Հայ Եկեղեցու հավատացյալներին հուզող կարևոր հարցեր, բարձր գնահատելով Վրաստանի իշխանություններին՝ կրոնական համայնքներին հուզող հարցերին պատշաճ ուշադրություն դարձնելու համար: Հաջորդ օրը, նոյեմբերի 16-ին, Կրոնի հարցերով պետական գործակալության և Վրաստանի հրեական համայնքի նախաձեռնությամբ՝ Վրաստանում գործող կրոնական համայնքի ներկայացուցիչները այցելեցին Թբիլիսիում գործող Դավիթ Բաազովի անվան վրաց-հրեական բարեկամության թանգարան: Հյուրերը ուշի ուշով դիտեցին թանգարանային ցուցանմուշները և կարողացան պատկերացում կազմել հրեական համայնքի կրոնական ծիսակատարությունների և ժողովրդական ավանդույթների մասին: Հանդիպմանը ելույթով հանդես եկան կրոնական համայնքների ներկայացուցիչները: Վիրահայոց թեմի առաջնորդն իր երախտագիտությունը հայտնեց հրեական հյուրընկալ համայնքին, և բարձր գնահատեց կրոնական հարցերով պետական գործակալության սույն նախաձեռնությունը: Հանդիպման ավարտին հրեական համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպվեց հյուրասիրություն: Հանդուրժողականության օրվա շրջանակներում թեմի պաշտոնյաները Թբիլիսիում մասնակցեցին տարբեր պետական և հասարակական կառույցների կողմից կազմակերպված միջոցառումներին: Նոյեմբերի 15-16-ի ձեռնակներին Վիրահայոց թեմի առաջնորդին ընկերակցում էին թեմի Իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և առաջնորդի օգնական բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանը: |