ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչը հանդիպեց հայ երիտասարդներին |
Լուրեր |
2017 թվականի նոյեմբերի 15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ, Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանի հանդիպումը հայ երիտասարդության հետ: Դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիպմանը ներկա էին ուսանողներ, ապագա դիմորդներ, բարձրդասարանցիներ, բազում երիտասարդներ: Միջոցառումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը (տնօրեն՝ Վալերի Բադալյան): Գիորգի Թումասյանը անծանոթ անուն չէր վիրահայ երիտասարդության համար: Նրա ակտիվ հասարակական գործունեությունը, կապը Հայոց Եկեղեցու և հայ համայնքի հետ, միանշանակ այն բանի հաստատումն է, որ հայ երիտասարդը իր ազգի ծնունդը լինելով հանդերձ, նաև իր ծննդավայր երկրի իսկական քաղաքացին է և Միավորված ազգերի կազմակերպությունում ներկայացնում է համայն Վրաստանի երիտասարդությանը, բարձր ամբիոնից պաշտպանում նրա շահերը: Ողջունելով հանդիպմանը ներկա երիտասարդությանը, Գիորգի Թումասյանը ներկայացրեց Միավորված ազգերի կազմակերպության կառուցվածքը, դերը միջազգային ասպարեզում, պայքարը հանուն խաղաղության, խոսեց Վրաստանի երիտասարդությանը ներկայացնելու իր գործունեության նպատակի, ուղղությունների, նաև պարտականությունների մասին: Խաղաղության հիմնադրամի նախագահի խոսքը ծավալուն էր և հագեցած: Անդրադարձ կատարելով համաշխարհային իրավիճակին, հակամարտող շրջաններին, ահաբեկչությանը ու գաղթի խնդիրներին, բանախոսը արձանագրեց նաև Վրաստանի իրավիճակը, երկրի երիտասարդությանը վերաբերող հարցերը: Իր խոսքում Գիորգի Թումասյանը կարևորեց հայ երիտասարդության դերը վրաց քաղաքացիական հասարակությունում: Արժևորելով կրթության, ինքնազարգացման նշանակությունը, երիտասարդ քաղաքագետը խոսեց պետական լեզվի իմացության, քաղաքացիական հասարակությանը ինտեգրվելու անհրաժեշտության մասին: Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց Գիոգի Թումասյանի տեղեկատվությունը տեխնոլոգիական այն նվաճումների մասին, որոնց ցուցադրությանը ինքը ներկա է եղել: Հանդիպումը երիտասարդների մոտ առաջացրեց նաև բազում հարցեր, որոնք ուղղվեցին բանախոսին: Դրանք վերաբերում էին կրթությունը այլ երկրում շարունակելու, արտասահման աշխատանքի մեկնելու, տեղում աշխատանք գտնելու և այլ հարցերին: Հայ Երիտասարդների համար հանդիպումն անչափ հետաքրքիր էր ու արժեքավոր, քանզի նրանք հնարավորություն ունեցան իրազեկվելու այն ձգտումներին և խնդիրներին, որոնցով ապրում է ժամանակակից երիտասարդը աշխարհի տարբեր երկրներում: |