Սուրբ Ավետարանիչների տոնը Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռում |
Լուրեր |
2017 թվականի հոկտեմբերի 21-ին, Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի օրը դարձավ տոնական Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Կարմիր գյուղի բնակչության համար: Տեղացիները՝ մեծից փոքր հավաքվել էին գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում՝ մասնակցելու տոնին նվիրված Սուրբ Պատարագին: Օրվա խորհրդին նվիրված, Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ, կազմակերպվել էր թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացությունը Սուրբ մատուռ: Շուտով հավատացյալներին միացավ նաև Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հավատացյալների խումբը՝ Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Բոլնիսի և Թեթրիծղարոյի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի գլխավորությամբ: Կարմիր գյուղ էր ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը Միրզախանյանը՝ հոգևոր դասի ուղեկցությամբ: Գյուղամիջում Թեմակալ առաջնորդը զրույց ունեցավ տեղի ղեկավար անձանց և արժանավոր հայորդիների հետ: Հավատացյալներով լեփ-լեցուն Սրբոց Ավետարանչաց մատուռում Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Հընթացս Սուրբ Պատարագի օրվա խորհրդի մասին հավուր պատշաճի քարոզ ասաց Վազգեն Սրբազանը: Անդրադառնալով Ավետարանիչների հիշատակի տոնին, Տեր Վազգեն եպիսկոպոսը խոսեց նրանց գործունեության, խորհրանիշների մասին, ավետարանիչների ժամանակաշրջանը զուգահեռներով կապելով արդի ժամանակների հետ: Սուրբ Պատարագը Սրբոց Ավետարանչաց մատուռում ուղեկցվեց Թբիլիսիից ժամանած Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբի երգեցողությամբ: Ամբողջ Պատարագի ընթացքում գյուղի մանուկները, շրջապատելով Թեմակալ առաջնորդին, մասնակցեցին Սուրբ ծեսին, վերջում տեղի հավատացյալների և ուխտավորների հետ միասին ստանալով նաև սուրբ հաղորդություն: Շուրջ 200 ընտանիք ունեցող Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղը, 100 տարվա պատմություն ունի:Այստեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից տեղահանվածների սերունդները: Նրանք պահել ու պահպանել են լեզուն, հավատքը, ազգային արժեքները: 2012 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ և տեղացիների հովանավորությամբ, այստեղ կառուցվեց և հանդիսավորապես օծվեց Սրբոց Ավետարանչաց մատուռը: Սրբոց Ավետարանչաց մատուռում թեմի հոգևոր սպասավորները պարբերաբար մատուցում են Սուրբ Պատարագներ և անցկացնում ծիսական արարողություններ: Գյուղի արժանավոր զավակների աջակցությամբ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գյուղում կանգնեցվեց հիշատակի խաչքար: |