Լուրեր
|
Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Այն շարժական է և Վիրահայոց թեմում ավանդաբար նշվում է Սուրբ և Անմահ պատարագներով: 2017 թվականի հոկտեմբերի 14-ին, Ռուսթավի քաղաքում ընդամենը մի քանի ամիս առաջ բացված Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթա-մշակութային կետրոնում, Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ օծված Վեմ քարի և Սրբապատկերի առջև, մատուցվեց Սուրբ Պատարագ: Տոնական Սուրբ պատարագին ներկա էին քաղաք Ռուսթավիի և հարակից շրջանների հավատացյալները, որոնց միացել էր Թբլիսիից ժամանած ուխտավորների խումբը՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի առաջնորդությամբ: Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնում Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնին նվիրված Սուրբ Պատարագը մատուցեց Տեր Սամվել քահանան: Պատարագն ուղեկցվեց Թբիլիսիից ժամանած Մակար Եկմալյան երգչախմբի կողմից շարականների կատարումներով՝ խմբավար Սվետլանա Տատոևայի և դաշնակահար Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ քահանան իր քարոզ խոսքում փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքը, այնուհետև մեկնաբանեց օրվա խորդուրդը, Աստծու խոսքի կարևորությունը յուրաքանչյուր հավատացյալի կյանքում և կոչ արեց մայր հայրենիքում և Սփյուռքում տարածել թարգմանիչ վարդապետների կողմից ստեղծված հայոց գրերը, պահել ու պահպանել մեսրոպյան ոսկեղենիկ լեզուն, որը մեր ինքնության գլխավոր երաշխիքն է: Այստեղ Սուրբ Պատարագն ավարտելուց հետո հավատացյալները հոգևոր հոր առաջնորդությամբ, այցելեցին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին հայոց մեծերի շիրիմներին: Այնուհետև Տեր Սամվել քահանայի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, հայցելով Սուրբ վարդապետների բարեխոսությունը: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաները:
|