1

fb you od

Թբիլիսիի հայոց թատրոնը Թումանյանի տանը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 57312017 թվականի հոկտեմբերի 13–ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային և երիտասարդական կենտրոնը հյուրընկալեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի ստեղծագործական կազմին՝ գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի, տնօրեն Լուիզա Խաչատրյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էին թբիլիսահայ արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչները, հայոց հինավուրց թատրոնի երկրպագուները, մտավորականներ, համայնքային կառույցների 1ղեկավարներ:

Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Միջոցառման նախաձեռողներն ու կազմակերպիչներն էին «Հայկական գիտահետազոտական կենտրոն Վրաստանում» ասոցիացիան և Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Եկեղեցասեր Տիկնանց միությունը՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային և երիտասարդական կենտրոնի հետ համագործակցաբար:

Տերունական աղոթքին և Թեմակալ առաջնորդի օրհնությանը հետևեց «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի 2ղեկավար Գիսանե Հովսեփյանի ողջույնի խոսքը, Թումանյանի տունը Վիրահայոց թեմին նվիրաբերելու պատմությանը և կենտրոնի առաջիկա ծրագրերին անդրադարձը:

«Հայկական գիտա-հետազոտական կենտրոն Վրաստանում» ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Էմմա Ախտյանն իր խոսքում կարևորեց գիտական կենտրոնի գործունեության այն ուղենիշը, որի նպատակը ազգային կառույցների և համայնքի անդամների հետ հարցուպատասխանի ձևաչափով կազմակերպվող հանդիպումներն են, որոնք նպաստում են այդ կառույցների ծրագրերի ճիշտ նախանշմանը:

Յոթ տարի շարունակ սեփական թատրոնում ներկայացում դիտելու կարոտով ապրող թատրոնի երկրպագուները, դերասանական խաղը գնահատողները և պարզապես թատրոնի հանդիսատեսը հնարավորություն ունեցան գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանից լսելու վերջապես «Քարթու» հիմնադրամի կողմից մեկնարկած հիմնանորոգչական աշխատանքների մասին, տեսնելու արվեստի այդ հիասքանչ տան ապագա տեսքի մանրակերտի լուսապատկերը, տեղեկանալու այն հայեցակարգին, որով երկու տարով նախանշված վերանորոգչական աշխատանքներից հետո պատրաստվում է շարունակել իր գործունեությունը թատրոնն իր տանը՝ հինավուրց և 3արհեստավարժ թատրոնին համահունչ ներքին և արտաքին տեսքով:

Գեղարվեստական ղեկավարը կարևորեց անցած տարիների ընթացքում թատրոնի ակտիվ ստեղծագործական գործունեությունը, ունենալով առաջնախաղեր, հյուրախաղեր, մասնակցություն տարբեր փառատոների, և մրցանակներն ու պատվոգրերը:Արմեն Բայանդուրյանն իր խոսքն ավարտեց շնորհավորելով թատրոնի առաջատար դերասանուհի Մելանիա Բարսեղյանին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհու կոչման արժանանալու համար, ինչն ընդունվեց ջերմ ծաչահարություններով:

Ներկաները թատրոնի անձնակազմի կողմից լսեցին խաղացանկին, բեմական խոսքին, դպրոցականներին, 4օտարալեզու երիտասարդությանը և ընդհանրապես հայությանը հայոց թատրոնին մերձեցնելու հարցերի պատասխանները:

Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը արժևորեց թատրոնի՝ իր հանդիսատեսի հետ անմիջականորեն շփվելու, նրա գնահատականն ու կարծիքն իմանալու անհրաժեշտությունը: Սրբազան Հայրը նշեց մշակույթի այս հնագույն օջախի հույժ կարևորությունը ազգային արվեստի զարգացման, հայ-վրացական մշակութային կապերի խորացման և թբիլիսահայի ինքնության պահպանման գործում: Թեմակալ առաջնորդը կարևորեց հասարակության բոլոր շերտերին արվեստի այս տեսակին մերձեցնելու, բեմական արվեստի նկատմամբ սեր ներշնչելու անհրաժեշտությունը, որին կընդգրկվի թեմն իր հոգևոր ծառայողներով և աշխարհական կազմով:

5Վերջում Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց ճանաչված հայորդի, ակտիվ հասարակական գործիչ Ալեքսանդր Ութմազյանին՝ թբիլիսահայ համայնքին և Թումանյանի տանը ձևավորվող տիկնիկային թատրոնին բազմակողմանի օգնություն ցուցաբերելու համար:

Հանդիպմանը գեղարվեստական շունչ հաղորդեցին վաստակաշատ դերասաններ Ռոբերտ Հովհաննիսյանի, Մելանյա Բարսեղյանի, Ռոմա Մաթիաշվիլիի, Լևոն Ուզունյանի, Նանո Պողոսյանի, Հենրիխ Պետրոսյանի և մյուսների խոսքը, ասմունքն ու երգը:

Վերջում թատրոնի գեղարվեստական ղեկավարը «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնին նվիրեց նախկին Մեծ լոռեցու անվան գրադարանում պահպանված Հովհաննես Թումանյանի հնագույն լուսանկարը, որի հանգրվանը իրավամբ նրա տուն-թանգարանն է:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)