Թումանյանի տան անդրանիկ գրական երեկոն |
Լուրեր |
2017 թվականի հոկտեմբերի 7–ին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում տեղի ունեցավ անդրանիկ գրական երեկոն՝ «Կարդում ենք Թումանյան» խորագրով: Միջոցառմանը ներկա էին հայ և վրացի գրողներ, թարգմանիչներ, գիտնականներ, արվեստի գործիչներ: Ներկաներին փոխանցելով Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը, միջոցառումը բացեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Վերջինս ներկայացրեց Թումանյանի տան, նրա ձեռքբերման և այն Վիրահայոց թեմին նվիրաբերելու պատմությունը: Անդրադարձ կատարելով կենտրոնի գործունեությանը, բանախոսն ընդգծեց, որ կենտրոնի առաջնային նպատակներից մեկը այս տանը երբեմնի թումանյանական սիրո ու բարեկամության մթնոլորտի վերականգնումն է: «Այսօր այս տանը նրանք են, ովքեր հարյուր տարի առաջ էլ այստեղ կլինեին, եթե Թումանյանի ժամանակակիցները լինեին: Խորապես երախտապարտ ենք մեր ազգային բարերարներին, Վիրահայոց թեմին՝ հանձինս Թեմակալ Առաջնորդի, Թումանյանի տան դռները վերստին բացելու և մեզ թումանյանական մեծ խորհրդի վերածննդի մասնակիցն ու վկան դարձնելու համար»,-ասաց Գիսանե Հովսեփյանը: Կենտրոնի կողմից հյուրերին անակնկալ-նվերներ դարձան Թումանյանի քառյակներով «նվեր-մագաղաթները»՝ ընթերցողին մղելով ակամայից մեկնաբանել այն, սրտի խոսք ասել տան, կենտրոնի ու առաջիկա համագործակցության ծրագրերի մասին: Երեկոյի ընթացքում ընթերցվեց նաև բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի շնորհավորական խոսքը՝ Թումանյանի տան վերաբացման առիթով: Բանաստեղծուհին ցավոք, չապրեց մինչև տան բացումը, բայց իբրև հարգանքի տուրք նրա հիշատակի, առաջարկվեց հաջորդ հանդիպումը նվիրել Անահիտ Բոստանջյանի ստեղծագործություններին: Բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը հայերենին զուգահեռ կարդաց նաև քառյակների վրացերեն թարգմանությունները: «Այս տունը սիրո, բարեկամության օջախ է եղել, և անչափ ուրախալի է, որ մեր սիրելի Թբիլիսիում վերականգնվում է թումանյանական բարի ավանդությունը»,-ասաց Գիվի Շահնազարը: Միջոցառման ընթացքում առաջարկվեց գրական ստեղծագործությունների ընթերցանությանը նվիրված հանդիպումները դարձնել շարունակական: Գրող, թարգմանիչ Արտեմ Գրիգորենցը առաջարկեց համացանցում ստեղծել տիրույթ՝ կենտրոնի շուրջ համախմբվող մտավորականների գործերը հանրայնացնելու, քննարկելու համար: Հավելենք, որ տան պաշտոնական բացումից հետո, աստիճանաբար համալրվում է «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի գրադարանը: Թումանյանի՝ իրեն հասած քառյակն ընթերցելուց հետո, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը կենտրոնին նվիրեց յոթ անուն գիրք, այդ թվում՝ «Հայ քնարերգություն» Վալերի Բրյուսովի կազմած անթոլոգիայի 1915 թվականի հրատարակությունը: |