Հայաստանից և Արցախից ժամանած հյուրերը այցելեցին Հայոց եկեղեցի |
Լուրեր |
Վրաստանի գեղատեսիլ մայրաքաղաք Թբիլիսիին նվիրված «Թբիլիսոբա» տոնը տասնամյակների պատմություն ունի: Ամեն անգամ հինավուրց բազմազգ քաղաքի կոլորիտային տոնի բերկրանքը տեղի բնակչության հետ միասին վայելելու են ժամանում բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից: Այս տարի հատուկ «Թբիլիսոբա» տոնին մասնակցելու նպատակով, քաղաքի նախկին բնակիչներ, այժմ մոսկվայաբնակ Ռոբերտ և Լամարա Աթոյանների և երևանաբնակ Գրիգորի Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Երևանից և Արցախից զբոսաշրջիկների այցը Թբիլիսի: Հայ զբոսաշրջիկները 2017 թվականի հոկտեմբերի 8-ի առավոտյան այցելեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցված ազգի մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրու պատվանդանին, մոմեր վառեցին և աղոթք արեցին հինավուրց տաճարում: Հայաստանից, Արցախից և Մոսկվայից ժամանած հյուրերին Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանի և հասարակական գործիչ Սամվել Աղեկյանի ուղեկցությամբ «Հայարտուն» կենտրոնի իր նստավայրում ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը հյուրերին պատմեց հայոց եկեղեցու շուրջ վիրահայ համայնքի, ի մասնավորի թբիլիսահայ հավատացյալների համախմբման, Թբիլիսիի գործող և խոնարհված եկեղեցիների, հավատացյալ հոտի, «Հայարտուն» կենտրոնի գործունեության մասին: Հյուրերը այցելեցին նաև Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին այստեղ հանգչող ազգի արժանավոր զավակների տապանաքարերին: Հավելենք, որ ընդգրկվելով «Թբիլիսոբա» տոնակատարությանը, հյուրերը նախորդ օրը մասնակցել էին քաղաքի պատմական թաղամասերում, Մեյդանում, Օրթաճալայում և Ռիխեում ընթացող տոնական միջոցառումներին, համտեսել վրացական ազգային խոհանոցի ճաշատեսակներն ու մյուս բարիքները: Ընդարձակելով այցելության շրջանակները, հյուրերը այցելել էին Մցխեթա, մոմեր վառել Ջվարիի և Սվետիցխովելի տաճարներում: |