Վիրահայոց թեմի երգչախմբերը մասնակցեցին «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին |
Լուրեր |
2017 թվականի սեպտեմբերի 25-28-ին, ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և հովանավորությամբ տեղի ունեցավ «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը: Փառատոնին մասնակցեցին Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ: Վիրահայոց թեմի մշակույթի բաժինը, առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և հայրական բարեմաղթանքով, փառատոնին ներկայացավ թեմի հովանու ներքո գործող երեք երգչախմբերով: Դրանք են Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը խմբավար Սվետլանա Տատոևայի և դաշնակահար Կարեն Միրզոյանի, «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը Մարիա Աբուլյանի և Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը խմբավար Ռուզաննա Օվանիսյանի գլխավորությամբ: Վիրահայոց թեմի երգչախմբերի մասնակցությունը համակարգում էին մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը և արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը պատիվ ունեցավ ելույթ ունենալու փառատոնի բացմանը նվիրված համերգին: Վիրահայոց թեմի երեք երգչախմբերը Կոմիտասի ստեղծագործությունների արհեստավարժ կատարումներով հանդես եկան Վանաձորում, Գյումրիում և Երևանում, ամենուրեք արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի յուրաքանչյուր օրը հագեցած էր ու հետաքրքիր: Երգչախմբերի անդամները ծաղիկներ խոնարհեցին անմահ երգահանի շիրիմին, այցելեցին Կոմիտասի տուն-թանգարանը, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին Ծիծեռնակաբերդում, եղան Ցեղասպանության թանգարանում, այցելեցին Սերգո Փարաջանովի տուն-թանգարան: Սեպտեմբերի 28-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում Վիրահայոց թեմի Մակար Եկմալյան և Սուրբ Ներսես Շնորհալի երգչախմբերը մասնակցեցին փառատոնի փակմանը նվիրված գալա-համերգին: Հանրագումարելով «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի օրերը, ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը արժևորեց այն մեծ դերը, որ կատարում են այս փառատոները աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքին մոտեցնելու, հայի ինքնությունը պահպանելու և ազգային մշակույթը զարգացնելու գործում: Փառատոնը դարձավ տպավորիչ և անմոռանալի մասնակից երգչախմբերի համար: Փոխնախարար Սրապիոնյանը երգչախմբերի խմբավարներին հանձնեց փառատոնին մասնակցության հավաստագրեր: «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնն ավարտվեց Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ» երգի համատեղ կատարմամբ: Համահայկական փառաատոնի օրերը վիրահայ երգչախմբերի համար ավարտվեցին Սևանավանք կատարած ուխտագնացությամբ:
|