Թբիլիսահայ հավատացյալների ուխտը Նոր Վարագա վանք |
Լուրեր |
Վարագա Սուրբ խաչի տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրահատուկ և սիրված տոներից է: Այս տոնը նշում է միայն Հայոց Եկեղեցին և ունի ազգային տոնի հնչեղություն: Տոնը շարժական է: Արդեն երկրորդ տարին տոնի օրը կազմակերպվում է թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացություն Նոր Վարագա վանք: Այս տարի ուխտագնացությունը կազմակերպվեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի նախաձեռնությամբ և Թեմի երիտասարդական բաժնի աջակցությամբ: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և բարեմաղթանքով, հարյուրից ավելի հավատացյալներ ուխտի մեկնեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի Նոր Վարագա վանք (Հայաստանի Հանրապետություն): Ուխտավորներին ուղեկցում էին Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանը,Վիրահայոց թեմի առաջնորդարանի պաշտոնյաներ Վալերի Բադալյանը, Լևոն Չիդիլյանը, Սուսաննա Խաչատրյանը, Եվգենյա Մարկոսյանը և համակարգող Նինա Սերոպովան: Թբիլիսահայ ուխտավորները, տարբեր քաղաքներից ու շրջաններից ժամանած հարյուրավոր այլ ուխտավորների հետ միասին, մասնակցեցին Սուրբ Վարագա տոնի առիթով Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ ասաց օրվա խորհրդի՝ Վարագա Սուրբ խաչի, Տիրոջ փրկչական խաչի փոքրիկ մասունքի երկրպագության, քրիստոնյաների տածած սիրո և հարգանքի մասին: Բագրատ Սրբազանը բարձր գնահատեց արժանավոր հայորդիներ «Իդեալ» համակարգի ղեկավար Նորայր Խաչատրյանի, Ռաֆիկ Մանուչարյանի և մյուս հայորդիների ցուցաբերած աջակցությունը և պատրաստակամությունը՝ Վարագա վանքի վերանորոգման գործին: Բագրատ Սրբազանն իր օրհնությունը հղեց տարբեր թեմերից հոգևոր հայրերի առաջնորդությամբ ժամանած ուխտավորներին, ջերմագին խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին, հոգևոր հորը և Թբիլիսիից ժամանած ուխտավոր հավատացյալներին, ովքեր ամեն տարի հոծ թափորով գալիս և նորոգում են իրենց ուխտը 10-րդ դարի հնագույն այս վանքում: Տոնի առիթով հինավուրց եկեղեցուն թբիլիսահայ հավատացյալների անունից Մայր Աստվածածնի սրբապատկերը նվիրեց մանրանկարիչ Մերուժան Շահումյանը: Այնուհետև, Նոր Վարագա վանք բերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Տիրոջ խաչափայտի մասունքը: Նշենք, որ Վարագա Սուրբ խաչը պահվում է այն ճաճանչում, որը 1902 թվականին պատրաստվել է Իրանի Սանգիբարան գյուղում: Պատարագի ժամանակ խաչի հաղորդություն ստացան նաև թբիլիսահայ ուխտավորները: Հավարտ Սուրբ Պատարագի, Նոր Վարագա վանքի հարակից տարածքում Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոսի նախագահությամբ և տարբեր թեմերից ժամանած հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս ծագերը: Հոգևոր հայրերը սիրով օրհնեցին ուխտի մատաղը, որը բաժանվեց ժողովրդին: Թբիլիսահայ ուխտավորներին մատաղի հյուրասիրություն էր կազմակերպել Շամշադինի շրջանի Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչի քավոր Գալուստ Մելքումյանը: Իսկ «Իդեալ» համակարգի ղեկավարը նվիրատվություն կատարեց Վիրահայոց թեմի կրթության բաժնի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի համար: Ուշ երեկոյան թբիլիսահայ հավատացյալները հոգևոր նոր լիցքով վերադարձան Թբիլիսի: |