1

fb you od

«Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի նոր ուսումնական տարին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

0 

Ամառային ամիսներին գրեթե չփակվեցին Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի դռները: Աշխատանքներն այստեղ փոխել էին իրենց բնույթը՝ վերածվելով փառատոների, հյուրընկալությունների, հանդիպումների և գեղարվեստական միջոցառումների: Բայց այս ամենը չխանգարեց կենտրոնի ուսուցչական կազմին, տնօրեն Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, սեպտեմբեր ամսվա առաջին իսկ օրերից կազմ ու պատրաստ սկսել նոր՝ 2017-2018 ուսումնական տարին:

Առաջինը պարապմունքները մեկնարկեցին կենտրոնի ստեղծագործական խմբերում: Ասմունքի և թատերական խմբակը Սաթենիկ Դանելյանի, «Հեղնար» պարային խումբը Մերինե Պողոսյանի գլխավորությամբ արդեն սեպտեմբերի 2-ից ընդունեցին սաներին և ձեռնամուխ եղան վարժություններին:

Իսկ «Աղբյուր» երգչախմբի անդամների և խմբավար Ռուզաննա Օգանիսյանի համար թանկ էր յուրաքանչյուր օրը, քանզի առջևում մայր հայրենիքում կայանալիք «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնն էր՝ պատշաճ հանդես գալու պատասխանատվությամբ և նաև հպարտությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 7-ին բաթումահայ փոքրիկներին ընդունեց կենտրոնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանը: Շուրջ երեք տասնյակ սաներ, կրտսեր և ավագ խմբերով, առաջին օրերին հատուկ նորեկների լացից և խառնաշփոթից հետո, բացի խաղերից և մյուս զվարճություններից, Սոնա Հովհաննիսյանի հետ պատրաստվում են «Ոսկե աշուն» թեմայով բաց դասին:

Սեպտեմբերի 9-ին սաներին ընդունեցին նաև կենտրոնի Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և Օզուրգեթիի «Սուրբ Սահակ Պարթև» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցները: Աշակերտության թիվն այս դպրոցներում 50-ից անցնում է, թերևս Օզուրգեթիում գործում է միայն առաջին դասարան: Ուսուցչուհիներ Սաթենիկ Դանիելյանի և Ելենա Սրաբիոնյանի ջանքերով այս դպրոցներում գրաճանաչության դասերին զուգահեռաբար պատրաստվում են պլանավորված միջոցառումներին, որոնցից առաջինը «Մեր մեծերը» թեմայով բաց դասն է: 

1 2 3 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)