Հանդիպում Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնում |
Լուրեր |
2017 թվականի սեպտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի Ռուսթավի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում հյուրընկալվեց առաջնորդարանի պաշտոնեությունը՝ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ: Կենտրոնը մարդաշատ էր, հանդիպմանը ներկա էին Ռուսթավի,Գարդաբանի և Մառնեուլի քաղաքների հայության ներկայացուցիչները, կենտրոնի աշխատակազմը: Տերունական աղոթքից և Թեմակալ առաջնորդի բարեմաղթանքից հետո, կենտրոնի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը անդրադարձ կատարեց այն աշխատանքներին, որոնք արձանագրվել են կենտրոնի տարեգրությունում: Դրանք են այստեղ մատուցվող Սուրբ Պատարագները, մայրենիի ուսուցչուհու մասնակցոսւթյունը Երևանում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, տեղի երիտասարդության այցը Հայաստան «Արի տուն» ծրագրի շրջանակներում, պարի և երգի խմբերի ձևավորումը, երիտասարդական միության սաղմնավորումը և այլն: Այս ամենը հոգևորի այն կայծն է, որ տասնամյակներ շարունակ եղել է տեղի հայ մարդու հոգում: Հանուն Վիրահայոց թեմի առաջնորդի, Հոգևոր Հայրը Երախտագիտություն հայտնեց կենտրոնի և հովվության նկատմամբ ցուցաբերվող մշտական աջակցության, նվիրաբերած նստարանների, սեղանների և ուսումնական այլ պարագաների, նաև մայր հայրենիքից բերված դասագրքերի, տետրերի և մեթոդական գրականության համար: Այնուհետև կենտրոնի ակտիվիստներին և մերձակա բնակավայրերի հայությանը ողջունեցին, իրենց գործունեության ուղենիշները ներկայացրեցին և իրենց փորձը կիսեցին թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, երիտասարդության հարցերի բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը,համակարգող Նինա Սերոպովան: Հանդիպմանը ներկա Վրաստանի կրթության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը խոսեց երկրի իշխանությունների՝ մայրենի լեզվով դպրոցների նկատմամբ ուշադրության մասին, կարևորեց հայոց դպրոցներին դասագրքերով ապահովումը ՀՀ կրթության և Սփյուռքի նախարարությունների կողմից: Հանդիպման մասնակիցներին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը արժևորեց Տեր Նարեկ քահանայի գլխավորությամբ աշխատակիցների պատասխանատու վերաբերմունքը կենտրոնի և հովվության գործունեությանը, գնահատեց նախանշված մշակութային, կրթական և երիտասարդական ծրագրերը և խոստացավ թեմի աջակցությունը դրանց իրականացմանը: Նախանշվեց Թեմի երիտասարդական բաժնի կողմից կազմակերպել դասընթացներ հասարակական կյանքի տարբեր թեմաներով: Հավելենք, որ կենտրոնում 2017-2018 ուսումնական տարին մեկնարկեց կազմ ու պատրաստ: Իր առաջին 50 աշակերտներին ընդունեց հայերենի ուսուցման Սուրբ Եղիշեի անվան կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Մարիետտա Շատարևյանը: Կենտրոնում ստեղծվել են նաև ստեղծագործական խմբակներ: Խմբավար Իննա Դավիթաշվիլու գլխավորությամբ «Բերկրի» երգչախմբի հոգևոր երգերի կատարումներով կուղեկցվեն մատուցվող Սուրբ Պատարագները, միջոցառումների ժամանակ կհնչեն հայկական ժողովրդական և էստրադային երգեր: Իսկ «Նեմրութ» պարային համույթի անդամները սովորում են մեր ազգային խրոխտ ու հայրենաշունչ պարերը: Շուտով ռուսթավցի երեխան կհնչեցնի նաև ծիրանափող դուդուկը: Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, մշակութային և երիտասարդական կենտրոնը նախատեսել է նաև այլ միջոցառումներ, որոնցից են առաջիկայում կայանալիք շնորհալի նկարիչ Գարի Նալբանդյանի աշխատանքների ցուցահանդեսը և թարգմանչաց տոնը: |