1

fb you od

Ղպտի ուխտավորները`Հայոց Եկեղեցում Սուրբ Պատարագի մասնակից PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1-1 

Ղպտի ուխտավորների խումբը՝ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային շրջանի թեմի առաջնորդ Յուսեֆ եպիսկոպոսի գլխավորությամբ, Մայր Աթռ Սուրբ Էջմիածին այցելությունից և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո ժամանեց Թբիլիսի:

2017 թվականի սեպտեմբերի 10-ին քույր եկեղեցու ուխտավորները հյուրընկալվեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Վիրահայոց թեմի առաջնորդարանում ընդունելությունից և առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունից հետո, ուխտավորները մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագին, որը մատուցեց Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Պատարագին ներկա էր նաև Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը բարի գալուստ մաղթեց ղպտի ուխտավորներին և ողջունեց գերաշնորհ Յուսեֆ եպիսկոպոսի ներկայությունը: Վազգեն Սրբազանը արժևորեց Հայոց Եկեղեցու և Ղպտի Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերությունները և ղպտի առաջնորդին առաջարկեց հանդես գալ քարոզով: Գերաշնորհ Յուսեֆ եպիսկոպոսի քարոզը անգլերենից թարգմանեց ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Թումասյանը:

Յուսեֆ եպիսկոպոսը խորին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և խոսեց հայոց օրհնյալ երկրի մասին, ուր հավատքի լույսը բերեց Ս. Գրիգոր Լուսավորիչը, ընդգծեց, որ նրա շնորհիվ Հայաստանը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Խոսեց հայ ժողովրդի մասին, որի բարեպաշտ զավակները ապրում են Մեծ Սրբի տարածած քարոզներով և ներշնչած հույսով: Այդ հավատքի հույսն էր, որ զորակցեց հայոց ազգին Ցեղասպանության մահասարսուռ օրերին: Քարոզիչը ընդգծեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հիշատակվում է նաև Ղպտի Եկեղեցու կողմից և այսօր էլ աղոթք է բարձրացվում ու մոմեր են վառվում նրա անունով:

Հավարտ Սուրբ Պատարագի հավատացյալները հոգևոր հայրերի առաջնորդությամբ, տեղափոխվեցին եկեղեցու բակում հանգչող, երկար տարիների նախկին առաջնորդ, երջանկահիշատակ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի շիրիմի մոտ՝ ի նշան նրա մահվան 15-րդ տարելիցի: Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ, Տեր Սամվել քահանա Թորոսյանը կատարեց հոգեհանգստյան կարգ, տարածվեց խնկաբույրը: Հավատացյալները ծաղկեպսակ և ծաղիկներ զետեղեցին նախկին առաջնորդի շիրիմին: 

1 2 3 4 

5 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)