Երևան քաղաքի պատվիրակությունը «Հայարտուն» կենտրոնում |
Լուրեր |
2017 թվականի սեպտեմբերի 8-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հյուրընկալվեց Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությունը շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Օսիպյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Սիմա Բաղդասարյանը, սոցիալական բաժնի պետ Ստելլա Ավագյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Օսիպյանը: Այցի նպատակն էր ծանոթությունը Վիրահայոց թեմի կրթության բաժնի և «Հայարտուն» կենտրոնի գործունեության հետ: Հյուրերը շրջայց կատարեցին «Հայարտուն» կենտրոնում, ծանոթացան հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցների, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի աշխատանքների, կենտրոնի ստեղծագործական խմբերի աշխատանքների դրվածքին, դիտեցին դասասենյակները, մանկապարտեզը: Կրթության բաժնի տնօրեն և Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը հյուրերին իրազեկեց կրթության ոլորտում տարվող աշխատանքների մասին, կարևորեց հայապահպանությամբ ուղղորդվող նախակրթարանի գործունեությունը, որի նպատակը թբիլիսահայ երեխայի մայրենի լեզվով կրթությունն է, նրանց հայեցի դաստիարակությունը: Բաժնի տնօրենը առանձնակի նշեց, որ այդ ուղղությումբ նախակրթարանը տարեցտարի առաջընթաց է ունենում, հայկական դպրոց ուղղորդելով ավելի շատ երեխաների: Այնուհետև գեղեցիկ քայլքով դահլիճ մտան և հնչեղ հայերենով հյուրերին ողջունեցին նախակրթարանի այս ուսումնական տարվա շրջանավարտները, որոնցից շատերը մեկ շաբաթից կդառնան հայոց դպրոցի առաջին դասարանի աշակերտներ: Փոքրիկների երգը, պարը, արտասանությունը այն պաշարի ցուցադրումն էր, որ նրանք ստացել են նախակրթարանում գտնվելու տարիներին: Նրանց ելույթներն արժանացան հյուրերի բարձր գնահատականին: Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը արժևորեց «Հայարտուն» կենտրոնի, ի մասնավորի նախակրթարանի հայապահպան գործունեությունը, շնորհավորեց երեխաների առաջիկա մուտքը հայոց դպրոց և նրանցից յուրաքանչյուրին նվիրեց մայր հայրենիքից բերած գեղեցիկ դպրոցական պայուսակ՝ գրենական պիտույքներով: Մայր հայրենիքի վարչական շրջանի ուշադրությունը բարձր գնահատեցին և շնորհակալության խոսքեր ասացին Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը: Հյուրերը մոմեր վառեցին և աղոթք արեցին Սուրբ Էջմիածին եկեղեցում: Նրանց ողջունեց և օրհնության խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արժևորելով վիրահայ հոգևոր թեմի նշանակությունը ազգային ոգու պահպանման և Հայոց Եկեղեցու զարգացման գործում և դրանում Վիրահայոց թեմի առաջնորդի մեծ դերն ու վաստակը, ղեկավարի տեղակալ Արմեն Օսիպյանը Սրբազան հորը փոխանցեց գեղանկարիչ Լուսիկ Ագուլեցու կտավը: Հանդիպման վերջում երկուստեք ցանկություն հայտնեցին շարունակել համագործակցությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Երևանի Էրեբունի վարչական շրջանի միջև: Հյուրերը այցելեցին նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոն, եղան հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում և հյուրընկալվեցին «Սուրբ Գևորգ» եկեղեցու առաջնորդարանում: |