1

fb you od

Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանը Պատարագիչ Սուրբ Գևորգ եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1 

2017 թվականի հուլիսի 2-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի Սան-Խոսե քաղաքի Սուրբ Անդրեաս հայոց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանը: Պատարագին ներկա էին ինչպես թբիլիսահայ հավատացյալները, այնպես էլ հեռավոր Ամերիկայից հոգևոր հովվի առաջնորդությամբ Վրաստան ժամանած շուրջ 30 ուխտավորներ:

Հընթացս Սուրբ Պատարագի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ներկայացրեց Պատարագիչ – քահանային, ով բազում թելերով կապված է Վրաստանի, ի մասնավորի Թբիլիսիի և հինավուրց առաջնորդանիստ այս եկեղեցու հետ:

Հավարտ Սուրբ Պատարագի, պատարագիչ Տեր Տաթև ավագ քահանան անդրադարձ կատարեց իր ծննդավայր Թբիլիսիին, այստեղ անցկացրած մանկության և պատանեկության տարիներին, նախկին թիվ 74 հայոց դպրոցին: Արժանապատիվ Տեր Տաթևը արձանագրեց իր հոր՝ երջանկահիշատակ Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանի Վիրահայոց թեմում, ի մասնավորի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում ծառայության տարիները՝ 1971-83 թվականները:

Պատարագիչ Տեր Տաթև ավագ քահանան երախտագիտությամբ հիշատակեց նախկին թեմակալ առաջնորդ երջանկահիշատակ Տեր Գևորգ եպիսկոպոս Սերայդարյանին, ում ձեռամբ ուղիղ քսան տարի առաջ ինքը ձեռնադրվել է քահանա և այդ պահից ուխտ արել արժանանալ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու սուրբ խորանից Պատարագ մատուցելու պատվին:

Տեր Տաթև քահանան իր խորին շնորհակալությունը հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին՝ հայրական բարեխոսությամբ և օրհնությամբ այստեղ Սուրբ Պատարագ մատուցելու թույլտվության համար:

Պատարագիչ քահանան իր քարոզչությունն ավարտեց քրիստոնյա հավատքին հայ հավատացյալների նվիրվածության և անսասանության պատգամով:

Սուրբ Պատարագից հետո Սուրբ Գևորգ եկեղեցում ԱՄՆ-ից ժամանած ուխտավորների պատվին կատարվեց հյուրասիրություն:

Ամերիկայից ժամանած ուխտավորները Տեր Տաթևի առաջնորդությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ այցելեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որից հետո հյուրընկալվեցին «Հայարտուն» կենտրոնում: Ուխտավորները մեծ հետաքրքրությամբ դիտեցին կենտրոնի սրահները, տեղեկացան այստեղ իրականացվող հայապահպան գործունեության մասին: Կենտրոնի «Տարոն» պարային խմբի անդամները ամերիկահայ հայրենակիցներին նվիրեցին հայկական «Քոչարի» պարը:

Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հետ աղոթք անելուց և մոմեր վառելուց հետո,հեռավոր Սան-Խոսե քաղաքից ժամանած ուխտավորները իրենց ուխտը շարունակեցին դեպի Ռուսաստան, ի մասնավորի՝ քաղաքամայր Մոսկվա: 

1 2 3 4 

5 6 7 8 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)