«Ներսես Շնորհալի» երգչախմբի մեկ տարվա հունձքը |
Լուրեր |
2017 թվականի հունիսի 28-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախմբի հաշվետու համերգը (խմբավար՝ Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան): Համերգին ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Առաջնորդարանի պաշտոնեությունը, հյուրեր, ծնողներ:Համերգն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը: Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ: «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ «Ներսես Շնորհալի» երգչախումբը ձևավորվել է «Հայարտուն» կենտրոնի բացման հետ և զարգացում է ապրում կենտրոնի գործունեությանը համընթաց և օր-օրի կատարելագործելով և ընդարձակելով երգացանկը հասել է կատարողական վարպետության: Երգչախումբը հանդիսանում է երգ-երաժշտության մշակման այն դպրոցը, որտեղ ճիշտ ուղղորդված պարապմունքների շնորհիվ մշակվում են ձայնային կարողությունները, բազում հայ դեռահասներ սովորում են հայկական մշակույթը և դառնում այդ մշակույթի տարածման նվիրյալներ: Հաշվետու համերգի ընթացքում երգչախմբի անդամներ Անի Թորոսյանը, Անի Միքայելյանը, Աննա Բայազյանը, Ռուզաննա Միքայելյանցը, Էրա Մինասյանը և Դոնարա Արսենյանը իրենց մենակատարումներով ներկայացրեցին երգարվեստի տարբեր ժանրերը՝ ազգային, ժողովրդական, էստրադային և ժամանակակից: Նրանցից շատերը հասակ առնելով այս երգչախմբում, երգում են նաև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների երգչախմբերում, ինչպես նաև «Հայոս Բենդ» վոկալ-գործիքային համույթում: «Ներսես Շնորհալի» երգչախումբն ապահովում է նաև իր վաղվա օրը: Ուշադրության ներքո պահելով «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաներին, նրանցից կազմված խմբի առաջին բեմելը արձանագրվեց համերգի ժամանակ: Մեկ տարվա ընթացքում առավել մշակվել ու հղկվել է երգչախմբի անդամների կատարողական արվեստը, ակնհայտ էր աշխատանքների առաջընթացը:Երգչախմբի կատարմամբ հայկական դասական, ժողովրդական և ազգագրական երգերի կողքին առաջին անգամ հնչեցին Գևորգ Սնխչյանի, Անահիտ Բոստանջյանի խոսքերով երգերը, ինչպես նաև վրացերեն, ռուսերեն և այլ լեզուներով կատարված ստեղծագործությունները: Համերգի անգնահատելի ավարտ դարձավ «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախմբի, «Հայոս Բենդ» վոկալ գործիքային համույթի, դհոլի, դուդուկի խմբերի մասնակցությամբ Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության հիասքանչ կոմպոզիցիան: «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախմբի 2016-2017 ուսումնական տարվա հաշվետու համերգն արժանացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի բարձր գնահատանքին: Թեմակալ առաջնորդը գոհունակության խոսքեր ուղղեց մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանին` «Հայարտուն» կենտրոնի գործունեությունը ճիշտ ուղղորդելու, հայկականությունը պահպանելու, համար: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց «Ներսես Շնորհալի» երգչախմբի խմբավար Մարիա Աբուլյանի,դաշնակահար Կարեն Միրզոյանի, դուդուկի և դհոլի խմբակների ուսուցիչներ Իվանե Մկրտչյանի, Ռոբերտ Կաշավանիձեի, «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի ղեկավար, երաժիշտ Վլադիմիր Ասատուրովի աշխատանքը՝ սաների հոգում հայ մշակույթի նկատմամբ սեր զարգացնելու և հետաքրքրություն առաջացնելու համար: Կարևորվեց խմբակների կողմից նաև այլազգի մշակույթից նմուշներ ներկայացնելու վարպետությունը: |