Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց փախստականի օրվան նվիրված համերգին |
Լուրեր |
2017 թվականի հունիսի 20-ին, Թբիլիսիի Վարդերի այգում կայացավ միջոցառում՝ նվիրված փախստականների միջազգային օրվան: Այն կազմակերպել էր Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիան և փախստականների ինտեգրման «Բաց տուն» կենտրոնը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի բռնագրավված տարածքներից տեղաշարժվածների ու վերաբնակեցվածների նախարար Սոզար Սուբարը, ՄԱԿ-ի տարհանվածների գործերով Գերագույն կոմիսարիատի Հարավային Կովկասի երկրներում ներկայացուցիչ Յոհանես ֆան Դեր Կլաուն, փախստականներ Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Աբխազիայից, Ցխինվալից, Վրաստանի բազմազգ բնակչության ներկայացուցիչներ, ծնողներ, երեխաներ: Միջոցառումը բացեց Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի փախստականների ինտեգրման «Բաց տուն» կենտրոնի ղեկավար Մակա Չիչուան: Վրաստանի բնակչության ուժերով ներկայացվեց բազմազգ և ճոխ համերգային ծրագիր: Արաբերեն և վրացերեն լեզուներով ելույթ ուեցան տարհանվածների երեխաները, փախստական կանայք: Համերգին մասնակցեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը: Դուդակահարների խումբը Իվանե Մկրտչյանի և Ռոբերտ Կաշավանիձեի գլխավորությամբ հանդես եկավ «Թբիլիսյան էսքիզներ» երաժշտության կատարմամբ, իսկ «Տարոն» պարային համույթը Սուրեն Աբրամյանի գլխավորությամբ կատարեց «Կարնո քոչարին»: «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի ելույթներն ընդունվեցին բուռն ծափահարություններով և առանձնահատուկ ջերմությամբ: ՄԱԿ-ի կոմիսարիատի ներկայացուցչի ձեռամբ «Հայարտուն կենտրոնը (ղեկավար Լևոն Չիդիլյան) ստացավ պատվոգիր, իսկ ելույթ ունեցողները՝ նվերներ: Տարբեր երկրներից գաղթած և Վրաստանում հաստատված տարհանվածներին՝ տոնական օրվա կապակցությամբ իրենց ելույթները նվիրեցին ուկրաինական, ադրբեջանական, ռուսական, աբխազական համայնքների ներկայացուցիչները՝ կատարելով դասական, ժողովրդական և ազգային համարներ: |