1

fb you od

Բաթումահայերը Սուրբ Երկրի ուխտավորներ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 1 

2017 թվականի մայիսի 4-11-ը դարձան Վիրահայոց թեմի Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու մի խումբ հավատացյալների կյանքի ամենաերջանիկ և անմոռանալի օրերը: Թվով 18 բաթումահայեր, ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը, Բաթումի«Սուրբ Փրկիչ» եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեցին Երուսաղեմ: Ուխտագնացությունը շարունակվեց 7 օր, դառնալով նրանցից յուրաքանչյուրի աստվածատենչ երազանքի իրականացում:

Ուխտագնացության օրերին Բաթումիից ժամանած ուխտավորներին դիմավորեց և ուխտի օրերին ուղեկիցը դարձավ հոգեշնորհ Տեր Թեոդորոս վարդապետ Զաքարյանը, արժանանալով բաթումահայ հավատացյալների երախտագիտությանն ու մեծ հարգանքին:

Հայերի համար ուխտագնացությունը Ավետյաց Երկիր առանձնահատուկ նվիրական է: Աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած ժողովրդի և  Երուսաղեմում Հայոց Պատրիարքություն ունեցող ազգի զավակների երազանքն է ուխտն ի կատար ածել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկում: Եվ հայոց ուխտագնացության ոսկե շղթայի օղակներից մեկը հիրավի դարձավ բաթումահայերի այս ուխտը Իսրայելի, ի մասնավորի հայկական սրբավայրեր: Ուխտագնացության օրերին հավատացյալները եղան Երուսաղեմում, Սուրբ Հարության տաճարում, Հայկական թաղամասում, Սուրբ Հակոբյանց վանքում, Հորդանան գետի սրբավայրում, Գալիլեյ քաղաքւմ և ծովեզերքին, Տիրոջ ծննդավայր Բեթխեհեմում,Ավետման տաճարում, Թել-Ավիվում, Սուրբ Նիկողայոսի վանքում:

Ուխտավորները երջանկություն ունեցան մասնակցելու Սուրբ Հարության թափորին ու խոկման արարողությանը, աղոթելու և ողջ գիշերն անցկացնելու տաճարում:

Անշուշտ Աստծու ծառայի մեծագույն երազանքն է հավատացյալներին միացած աղոթք անել ու Պատարագիչ դառնալ Ավետյաց երկրի սրբավայրերում:Հոգևոր մեծ նվիրումով Տեր Արարատ քահանան Սուրբ և Անմահ Պատարագներ մատուցեց Սուրբ Հարության տաճարում, Սուրբ Կույսի գերեզմանին, որտեղ ուխտավորները ստացան նաև հաղորդություն:

Արժանապատիվ հոգևոր հոր ուղեկցությամբ Բաթումիից ժամանած ուխտավորներին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում ընդունեց պատրիարք Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Ուխտավորների խմբի ղեկավարը Ամենապատիվ Պատրիարքին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի աղոթքներն ու բարեմաղթանքները, ներկաները ստացան Պատրիարք Հոր օրհնությունը:

Ուխտավորները անջնջելի տպավորություններով, հոգեպես նորոգված, երանության մեծ զգացումով վերադարձան Վրաստան՝ երբևէ կրկին Ավետյաց երկիր մեկնելու ակնկալիքով:

Բաթումահայ հավատացյալները իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանին, Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանին՝ ուխտագնացության աջակցության, օժանդակության և իրականացման համար:

1 2 1 3 1 4 1 5 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)