1

fb you od

Ռուսթավի քաղաքում բացվեց հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

rustavi 

1940-ական թվականներից Ռուսթավի քաղաքում հաստատված հայերի արդեն երրորդ և չորրորդ սերունդները թեև պահպանել են իրենց ինքնությունը, մայրենին խոսակցական մակարդակով և հավատքը հայոց Եկեղեցուն, բայց միշտ էլ զգացել են հայեցի դաստիարակության կարիքը, Հայոց Սուրբ Եկեղեցու Պատարագների անհրաժեշտությունը, ազգային մշակույթի և պատմության իմացության պակասը: Ռուսթավում չկա աղոթատեղի, որտեղ հայն Աստծու հետ խոսելու հնարավորություն ունենա, չի եղել հայոց դպրոց, որտեղ հայ երեխան իր մայրենիով գրաճանաչ դառնա, չկա կառույց, որտեղ հայերեն հաղորդակից լինեն հայ մարդու ուրախությանը և խնդիրներին:Թեև մի քանի անգամ արվել են փորձեր այդ ամենին հասնելու համար,սակայն ձեռնարկած քայլերը եղել են խախուտ, չեն ունեցել զարգացում և կարճ ժամանակից դադարել են:

Եվ ահա Վիրահայոց թեմի առաջնորդի տնօրինությամբ և աջակցությամբ Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը,հանձնակատար եղավ քաղաքի հայության ազգային վերածննդին և եկեղեցու շուրջ կենտրոնացմանը: Արդյունավետ և ժրաջան աշխատանքի արդյունքում Թեմի առաջնորդարանի հովանու ներքո և Թեմակալ առաջնորդի օրհնությամբ Ռուսթավի քաղաքում հանդիսավորապես բացվեց հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոն:

2017 թվականի մայիսի 13-ը Ռուսթավի հայության համար դարձավ պատմական, քանզի հանդիսավորապես բացվեց Վիրահայոց Թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր, կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոն, որի խնամատար նշանակվեց արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը:

Ցնծում էր Ռուսթավի հայությունը: Վարձակալված շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, այն վերանորոգված է ու բարեկարգված, հագեցած գույքով և պարագաներով, ապահովված տեխնիկապես: Ներքին տոնական զարդարանքը առանձնահատուկ փայլ էր տվել կենտրոնին:

Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդականներ Կարեն Մելիքյանը և Կարեն Պարունակյանը, հյուպատոս Էլինա Մկրտչյանը, Վիրահայոց թեմի պաշտոնեությունը, հասարակական գործիչներ, հյուրեր և բազում ռուսթավցիներ:

Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:Թեմակալ առաջնորդը կտրեց կենտրոնի մուտքի ժապավենը և օրհնեց աղն ու հացը, որով դիմավորեցին իրեն:

Ողջունելով ներկաներին, Տեր Նարեկ քահանան շնորհավորեց ռուսթավցիներին Եկեղեցու շուրջը համախմբվելու, իրենց ինքնությունը պահպանելու մեծ ցանկության և պատրաստակամության համար, առաջարկեց դառնալ նորաբաց կենտրոնի շարժիչ ուժը և անշահախնդրորեն նվիրվել իրենց հավատքի պահպանությանը, իրենց զավակների հայեցի դաստիարակությանը, իրենց լեզվի, արժեքների, ավանդույթների տարածմանը:

Իր օրհնության և բարեմաղթանքի խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդը ռուսթավցիներին շնորհավորեց հայկական կենտրոնի բացումը և հայտարարեց, որ այն կրելու է Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը: Կենտրոնում ամեն կիրակի մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ, գործելու է Սուրբ Եղիշեի անվան կիրակնօրյա դպրոց, որտեղ ցանկացողները կսովորեն տառաճանաչություն, կտեղեկանան իրենց հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության մասին,«Բերկրի» երգչախումբը, որտեղ կսովորեն կերգել ինչպես հոգևոր,այնպես էլ ժողովրդական, էստրադային երգեր և «Նեմրութ» պարային համույթը, որտեղ կպարեն հայկական «Քոչարին», «Յարխուշտան» ու մյուս պարերը: Սրբազան հայրը կարևորեց Կենտրոնի առաքելությունը՝ հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը, զարգացումը և եկեղեցու շուրջ համախմբումը: Տեր Վազգեն եպիսկոպոսը գնահատանքի խոսքեր ուղղեր Տեր Նարեկ քահանա Ղուշչյանին կենտրոնի բացումը պատշաճ մակարդակով և սեղմ ժամկետում կազմակերպելու համար

Ընդառաջելով ռուսթավցիների աղոթատեղի ունենալու մեծ ցանկությանը, Վիրահայոց թեմի առաջնորդի կողմից օծվեց Վեմ քարը և Սրբապատկերը, որի վրա կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Այնուհետև գեղեցիկ արտասանությամբ, երգով ու պարով օրը տոնական դարձրին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը,ցուցադրելով թե ինչ հաջողությունների կարելի է հասնել կենտրոնի նպատակասլաց և արդյունավետ աշխատանքի դեպքում: Հանդիսությունն ավարտվեց տոնական տորթով հյուրասիրությամբ:

IMG 5627 IMG 5774IMG 5918 IMG 5920 

IMG 6039 IMG 6095 IMG 6194 IMG 6249 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)