Քաղաք Ռուսթավի հայերը ծանոթացան Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի գործունեությանը |
Լուրեր |
2017 թվականի ապրիլի 13-ին, Վիրահայոց թեմի Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի առաջնորդությամբ, քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները այցելեցին Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հյուրերը աղոթք բարձրացրին և մոմեր վառեցին եկեղեցում, նկարվեցին Եկեղեցու բակում կանգնեցված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խաչքարի մոտ: Այնուհետև այցելեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն,որտեղ թեմի մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը և Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը հանգամանալից ներկայացրեցին կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի գործունեությունը, խոսեցին ամենօրյա աշխատանքների մասին, որոնք նպատակաուղղված են Վրաստանում հայի ինքնության և ազգային տեսակի պահպանությանը: Ռուսթավից ժամանած հայերը շրջայց կատարեցին կենտրոնում, դիտեցին պոլսահայ լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը Գալուստ Գյուլբենկյան սրահում, հետաքրքրվեցին նախակրթարանի և մայրենիի ուսուցման վարժարանների, ինչպես նաև մշակութային խմբակների գործունեությամբ: Դհոլի և դուդուկի խմբակների սաները հյուրերի պատվին կատարեցին Կոմիտասի ստեղծագործություններից, ցույց տալով իրենց վարպետությունը: Ռուսթավի հայ համայնքի ներկայացուցիչները ոգևորված տեսածով, հայտնեցին իրենց նպատակների մասին: Այն է հոգևոր հովվի գլխավորությամբ, Թբիլիսիի «Հայարտուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» և Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի ու մայրենիի ուսուցման խմբերի օրինակով, Ռուսթավիում ևս հիմնել նմանօրինակ կենտրոն, ակտիվացնելով համայնքային կյանքը, օժանդակել մայրենի լեզվի, ազգային մշակույթի և ժողովրդական ավանդույթների զարգացմանը և պահպանմանը: |