Ուխտագնացություն Շահումյանի Սուրբ Աստածածին եկեղեցի |
Լուրեր |
2017 թվականի ապրիլի 7-ին, թբիլիսահայ 80-ից ավելի հավատացյալներ, մայրաքաղաքի Սուրբ Էջմիածին եկեղեցուց ուխտի մեկնեցին Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: 19-րդ դարի կառույց և մի քանի տարի առաջ Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և բարերների աջակցությամբ վերանորոգված Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչ-քարոզիչն էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Սուրբ Պատարագին մասնակցեցին Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, սարկավագաց դասը և Թբիլիսիից հատուկ ժամանած Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը Լուիզա Վարդանյանի գլխավորությամբ: Սուրբ Պատարագին Թբիլիսիից ժամանած ուխտավորներին միացան նաև տեղի բնակիչները: Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Սբ. Աստվածածնի ավետման տոնի մասին: Անդրադարձ կատարեց Սբ. Կույսին նրա հղիության ավետման պատմությանը: Իր քարոզում Տեր Մանուկը Սուրբ Մարիամի օրինակով արժևորեց կնոջ՝ նվիրական մայր լինելու առաքելությունը , նրա դերը հասարակության կյանքում, նրա նվիրվածությունը ընտանիքին, հավատքով և հայրենասիրության ոգով իր երեխաներին դաստիարակության գործում: Հավարտ Սբ. Պատարագի, որն ընթացավ խորանի բացված վարագույրով,կատարվեց հավատացյալների խոստովանություն և հաղորդություն: Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածնի անունը կրող եկեղեցիներում կատարվեց մայրերի, մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: |