1

fb you od

«Հայերը՝ Թուրքիայում»-պոլսահայ լուսանկարչի ցուցահանդեսը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 7729 

2017 թվականի ապրիլի 2-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց պոլսահայ ժամանակակից լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» խորագրով նկարների ցուցահանդեսը:

Սույն ցուցահանդեսով Վիրահայոց թեմում մեկնարկեցին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ցուցահանդեսն իրականացավ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ:

Ցուցադրված 50 լուսանկարների առանցքում թուրքահայ հասարակությունն է, նրա տարբեր խավերի ներկայացուցիչների դիմանկարները: Լուսանկարներն արված են տարբեր շրջաններում՝ Պոլիս, Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի, Մուսա լեռան հայկական վերջին՝ Վաքըֆլի գյուղ, Կարս, Կեսարիա: Պոլսահայ լուսանկարիչը նկարների միջոցով տեսանելի է դարձրել Թուրքիայի հայերին, որոնք մնում են չբացահայտված, շարունակում են ապրել գաղտագողի:

Ցուցահանդեսը մեծ հետաքրքրությամբ դիտեցին թբիլիսահայերը, մտովի տեղափոխվելով Արևմտյան Հայաստանի պատմական վայրերը, տեսնելով Թուրքիայում ապրող հայերի կյանքը:

Բացելով ցուցահանդեսը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը ներկայացրեց ծագումով սեբաստացի Նուրան Աքքայա լուսանկարչին, նրա սերն ու նվիրումն իր ինքնությանը:

Վրաստանի հայ մտավորականության միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանն իր ելույթում խոսեց ընդհանուր առմամբ Թուրքիայի և ի մասնավորի Ստամբուլի հայության պատմության, երկրի բոլոր բնագավառների զարգացման գործում նրանց ներդրման և ազգի այն երևելիների մասին, որոնք ծնված լինելով Ստամբուլում, ամենուրեք ներկայացրել են հայի ինքնությունը:

Ի դեմս երիտասարդ լուսանկարիչ Նուրան Աքքայայի՝ հայի տեսակի, նրա և նրա նման բազում թուրքահայերի ազգասիրության, հավատին նվիրվածության և հայրենասիրության մասին խոսեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, արժևորելով այն ոգին, որն այսօր էլ կա և պահպանվում է թուրքահայության շրջանում:

Թբիլիսին երկրորդ քաղաքն է, Երևանից հետո, որտեղ ցուցադրվեցին թուրքահայ լուսանկարչի աշխատանքները: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը: 

1 1 1 2 1 3 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)