Հոգեհանգստյան արարողություններ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին |
Լուրեր |
2017 թվականի ապրիլի 2-ին, Մեծ Պահքի Գալստյան կիրակիին, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան արարողություն 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների հոգու խաղաղության համար: Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին, Բաթումի «Սուրբ Փրկիչ», Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ և Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում, հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, քահանայաց դասի կողմից կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինվորների հոգու խաղաղության համար: Հոգեհանգստյան պաշտոնին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար պարոն Արթուր Սարգսյանը, Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում՝ Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը: Վիրահայոց թեմի եկեղեցիներում զոհված հայորդիների մահվան տարելիցի կապակցությամբ աղոթք բարձրացրին և մոմեր վառեցին համայնքային գործիչները, մտավորականներ, բազում հավատացյալներ: |