Ուխտագնացություն Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի |
Լուրեր |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները նշելը և ուխտագնացությունների միջոցով հավատքն ամրապնդելը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի գործունեության նպատակներից մեկն է: 2017 թվականի ապրիլի մեկին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապ հիշատակի օրվա կապակցությամբ, Վիրահայոց Թեմի երիտասարդական բաժինը ուխտագնացություն կազմակերպեց Ախալցիխեի նույնանուն հինավուրց եկեղեցի: Ուխտագնացությունն իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջարկությամբ և աջակցությամբ: Վաղ առավոտյան թեմի երիտասարդական բաժնի շուրջը համախմբված երեք տասնյակից ավելի երիտասարդներ, բաժնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի և Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի և Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի ուղեկցությամբ ճանապարհ ընկան դեպի Ախալցիխե: Ուխտավորները մասնակցեցին տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ախալցիխե քաղաքի հայության հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին օրվա խորհրդի՝ Հայոց առաջին հովվապետի 13-տարի Խոր Վիրապում կրած անասելի չարչարանքների մասին Պատարագիչ Հայր Սուրբի քարոզ խոսքը: Ողջունելով Թբիլիսիից ժամանած ուխտավորներին, Հայր Հակոբը հորդորեց նրանց զերծ մնալ օրվա տվայտանքներից, Հայոց Առաջին հովվապետի կամքի և դիմադրության ուժի օրինակով ապրել բարեսրտությամբ և հավատքին նվիրվածությամբ: Ուխտավորները մոմեր վառեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակին, իրենց աղոթքում հայցելով համաքրիստոնեական սրբի բարեխոսությունը: Թբիլիսահայ երիտասարդներն Ախալցիխե քաղաքի հոգևոր տեսչի և Ախալցիխեի շրջանի հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի առաջնորդությամբ իրենց ուխտը շարունակեցին Ախալցիխեի Սուրբ Ստեփանոս փլուզվող և Սուրբ Նշան եկեղեցիներում: Տեղում մոմեր վառելուց հետո դարձան հոգևոր հայրերի «Պահպանիչ« աղոթքի աղոթակիրները: Թբիլիսիից ժամանած երիտասարդների խումբը այցելեց նաև Ախալցիխեի Ռաբաթ համալիր, դիտեց քաղաքի տեսարժանությունները: Ուշ երեկոյան ուխտավորները Սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհներով հոգեպես հարստացած վերադարձան Թբիլիսի: |