Մեծարման երեկո՝ Ռաֆայել Ջավախ կենտրոնում |
Լուրեր |
2017 թվականի մարտի 26-ին, Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ անվանի գրող և ազգագրագետ Ալբերտ Իսոյանի մեծարման հանդիսույթը: Միջոցառմանը ներկա էին վրաստանաբնակ հայ գրողներ, կենտրոնի սաները, ուսուցիչներ, Ալբերտ Իսոյանի հարազատները, ընկերները: Միջոցառմանը օրհնության և բարեմաղթանքի խոսք ասաց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Հանդիսույթը բացեց ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ, կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: Նա բարձրաձայնեց ՀՀ Սփյուռքի նախարարության հրամանագիրը Ալբերտ Իսոյանին Վիլյամ Սարոյան մեդալով պարգևատրելու մասին: Ալբերտ Իսոյանը Ջավախքի ազգագրությանը, արտերկիր կատարած ուղեգրություններին նվիրված 8 ստվարածավալ գրքերի, նաև՝ բանաստեղծությունների, զվարճապատումների հեղինակ է: Անվանի մտավորականի ստեղծագործությունների մասին գնահատանքի խոսքով ելույթ ունեցան գրչակից ընկերները՝ Նազելի Նաիրին, Հովհաննես Մարիկյանը, Միքայել Եսոյանը, Հմայակ Գրիգորյանը, նաև Մանուկ Կարախանյանը,Արաքսյա Վարդանյանը, Թամար Ծառուկյանը,Կիմիկ Իսոյանը: Վերջում ելույթ ունեցավ Ալբերտ Իսոյանը: Ճանաչված գրողը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ բարձր պարգևի առիթով, ՎՀԳ «Վերնատուն» միությանը՝ միջնորդելու համար, պարտավորվեց միշտ բարձր պահել հայ գրողի անունը: |