Վրաստանում ԱՄՆ դեսպանը Սուրբ Խաչ եկեղեցում |
Լուրեր |
2017 թվականի մարտի 17-ին, Ախալքալաք կատարած մեկօրյա պաշտոնական այցի շրջանակներում, Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յան Կելլին այցելեց Վիրահայոց թեմի Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցի: Դեսպան Կելլին մոմ վառեց և հոգևորականների հետ միասին աղոթք արեց հայոց եկեղեցում: Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ողջունեց դեսպանի այցը Եկեղեցի, ներկայացրեց Հայոց Եկեղեցու պատմությունը, փոխանորդության գործունեության ուղղությունները, որոնք նպատակաուղղված են Եկեղեցու շուրջ բնակչության համախմբմանը, քրիստոնյա հավատքով սերունդների դաստիարակմանը, մշակույթի զարգացմանը և բարեգործությանը: Այնուհետև կայացավ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի փոխանորդության տնօրինության և հոգևորականության հետ առանձնազրույց, որի ընթացքում շոշափվեցին տեղի բնակչությանը հետաքրքրող հարցերը: ԱՄՆ- դեսպանը հանդիպում ունեցավ նաև Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցխայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Լրատվության սկզբնաղբյուր՝ http://jnews.ge Աղունիկ Այվազյան |