Այցելություն Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի թանգարան |
Լուրեր |
2017 թվականի մարտի 11-ին, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի (տնօրեն՝ Լևոն Չիդիլյան), երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) և Կրթական բաժնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) նախաձեռնությամբ, կազմակերպվեց թեմի «Գրիգոր Նարեկացի» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի և «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի սովորողների էքսկուրսիան Վրաստանի ազգային թանգարանի Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի թանգարան: Կենտրոնի տարբեր տարիքի սաների շուրջ վեց տասնյակի հասնող խմբի այցն իրականացվեց թեմի պաշտոնեության առաջնորդությամբ և ուսուցիչների ու ծնողների ուղեկցությամբ: Հատկանշական է, որ այդ օրերին Շալվա Ամիրանաշվիլիի անվան Արվեստի թանգարանի տարբեր դահլիճներում ցուցադրված էին թանգարանային հավաքածուի գլուխգործոցները: Ներկայացված էին այստեղ պահպանվող վրացական և համաշխարհային արվեստի այն հազվագյուտ նմուշները, որոնցով հպարտանում են աշխարհի մեծ թանգարանները: Դրանք են Բերնանդո Դադիի, Լուկաս Կրանախի (Ավագ), Գվիդո Ռենի, Օգյուստ Ռոդենի, Պաբլո Պիկասոյի, Վասիլ Կանդինսկիի, Ռոբերտ Ֆալկի կտավները, Նիկո Փիրոսմանաշվիլիի, Լադո Գուդիաշվիլիի և Դավիթ Կակաբաձեի գլուխգործոցները: Ցուցադրված էին նաև քարի, ոսկրի, մետաղի և կավի այն հնածոները, որոնք հայտնաբերվել են Վրաստանի տարբեր տարածաշրջաններում կատարված հնէաբանական պեղումների ժամանակ: «Հայարտուն» կենտրոնի սաների մշակութային այս էքսկուրսիան առանձնահատուկ տպավորիչ էր և հիշարժան նրանով, որ այցելուները հնարավորություն ունեցան առնչվելու արվեստի գլուխգործոցների և հազվագյուտ այն նմուշների հետ, որոնք ներկայացնում են թանգարանի հազվագյուտ հավաքածուն: |