1

fb you od

Տարեվերջյան հաշվետու հանդես «Ալեքսանդր Մանթաշով» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

13443029 

2016 թվականի հունիսի 18-ին Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում կայացավ տարեվերջյան հաշվետու հանդես:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ պատեհ առիթով Թիլիսիից ժամանել էր պատվիրակություն, որի կազմում էին Թեմի վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը, կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, Վրաստանի քաղաքացիների հաշվառման կենտրոնի ղեկավար Ինեսա Սարուխանյանը:

Ներկաները հետաքրքրությամբ դիտեցին կենտրոնի գեղագիտական դաստիարակության խմբակի սաների նկարներով և ձեռքի աշխատանքներով զարդարված դահլիճը:

Հաշվետու համերգին ներկա էին Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգորի Վարդանյանը, «Աղբյուր» էլեկտրոնային թերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը, համայնքային գործիչներ, մտավորականներ, հայ հասարակայնության ներկայացուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով և պետական օրհներգի կատարմամբ:

Ներկաներին ողջունեց և ընդամենը ութ ամիս առաջ ձևավորված կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի գործունեության մասին խոսեց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Կարևորելով մանուկների հայեցի դաստիարակությանը, մեսրոպատառ հայերենի պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը, հայի ինքնության փոխանցմանը նպատակաուղղված կենտրոնի գործունեությունը, տնօրենը ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի (ուսուցչուհիներ Դիանա Հակոբյան,Կարինե Մարկարյան,Գայանե Գալուստյան), Բաթումի «Մեսրոպ Մաշտոց» (ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյան), Քոբուլեթիի «Վռամշապուհ» (ուսուցչուհի Գայանե Վարդանյան) հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցների, «Աղբյուր» երգի (խմբավար Ռուզաննա Օվանեսյան), «Հեղնար» պարի (պարուսույց Մերինե Պողոսյան), ասմունքի և դրամատիկական (ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյան), գեղագիտական դաստիարակության (ուսուցչուհի՝ Մարիետա Ապետյան) խմբակների գործունեությունը, որի հաշվետվությունը նշված հանդեսն էր:

Ջերմ ծափահարությունների ներքո միմյանց հաջորդեցին նախակրթարանի սաների թոթովախոս խոսքն ու գեղեցիկ արտասանությունը՝ ներդաշնակված երգի, պարի և ասմունքի խմբակների սաների կատարումներով: Իսկ թատերական խումբը ցուցադրեց Հովհաննես Թումանյանի «Իրիկունը» բանաստեղծության և «Գիքոր» պատմվածքի բեմականացումը:

Հաշվետու հանդեսը օրհնության և գնահատանքի խոսքով ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց կենտրոնի գործունեությունը, տնօրենի ղեկավարությամբ կենտրոնի անձնակազմի աշխատանքն անվանելով հայրենասիրական առաքելություն հայրենիքից դուրս հայեցի դաստիարակության ուղղությամբ:

Հանդիսավոր պայմաններում դասընթացն ավարտելու վկայականներ ստացան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի սաները, Բաթումի «Մեսրոպ Մաշտոց» և Քոբուլեթիի «Վռամշապուհ» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցների շրջանավարտները:

Կենտրոնի սովորողների ուժերով և ուսուցիչների ջանքերով ներկայացված հաշվետու հանդեսը դարձավ ազգային շնչով տոգորված կենտրոնի գործունեության առհավատչյան:

Արգասաբեր էր նաև Թբիլիսիից ժամանած Վիրահայոց թեմի առաջնորդի, պատվիրակության անդամների և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովվի և կենտրոնի ուսուցչական կազմի համատեղ ժողովը, որտեղ կատարվեց փորձի փոխանակություն, քննարկվեցին կրթության ծրագրի հետ կապված հարցեր, արվեցին առաջարկություններ՝ գտնելով համագործակցության եզրերը: Բաթումիում հայազգի քաղաքացիների հաշվարման գործընթաց սկսելու նպատակով որոշվեց ներգրավել երիտասարդ կամավորների, ովքեր կիրականացնեն Աջարիայի հայազգի բնակչության գրանցում ընդհանուր տեղեկատվության մեջ մտցնելու համար: 

13458618 13482959 13490876 13498012

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)