1

fb you od

Պահպանենք նախնիների հիշատակը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

vera 

Թբիլիսի քաղաքի Վերեի գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի 30-ականներին և ի սկզբանե եղել է միայն հարուստ և ազնվական ծագում ունեցող մարդկանց հուղարկավորման վայր: Գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են մտցրել քաղաքի կյանքի տարբեր ոլորտների զարգացման գործում: Գերեզմանատան մոռացված տապանաքարերը այսօր էլ շարունակում են երևելի մնալ իրենց դամբարանային վեհությամբ և սոցիալական ազնվատոհմ կարգավիճակով:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, 2016 թվականի մայիսի 14-ին, հայ երիտասարդների խումբը, անհրաժեշտ պարագաներով զինված, ուղևորվեց դեպի հինավուրց Վերեի գերեզմանատուն՝ անխնամ մնացած հայորդիների շիրիմները բարեկարգելու նպատակով: Երիտասարդ ակտիվիստների խումբը, որի կազմում էին երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովան, «Հայարտուն» կենտրոնի պարուսույց Սուրեն Աբրամյանը, օպերատոր Գևորգ Պողոսովը, Էմիլ Սարգսյանը, Ջուլի Վիրաբյանը, Սերգեյ Կամալովը, Բորիս Մզիկյանը, Դավիթ Խարազովը և մյուսները ձեռնամուխ եղան ազնվատոհմ քաղաքացիներ Խուդադովի, Մելիք-Ազարյանցի, Գիրգիդովի, Էնիկոլոպովների շիրիմների, խոշոր սեփականատեր-գործարարներ Յուզբաշևների, Անանովների, Նամուրադյանցի, Բոզրջյանցի, լեզվաբան և հայագետ Շահան Ջրպետյանի և նրա կնոջ, ճարտարապետ Գաբրիել Տեր- Միքելովի դամբարանների բարեկարգմանը:Դրանք քաղաքի այն նվիրյալների շիրիմներն են, որոնց հարազատները խորհրդային տարիներին աքսորվել, գնդակահարվել կամ տեղափոխվել են արտասահման:

Խումբն ամբողջ օրը աղբակույտերից մաքրեց, խոտ ու տատասկից ազատեց և բարեկարգեց հայ ազնվատոհմ քաղաքացիների գերեզման- դամբարանները:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբված երիտասարդները, լավ գիտակցելով իրենց պարտքը նախնիների հիշատակի առջև, պատրաստակամորեն շաբաթօրյակներ են կազմակերպում ինչպես հայոց մեծերի Խոջիվանքի պանթեոնում, այնպես էլ Վերեի, Պետրեպավլեի գերեզմանոցներում, քանզի եթե ուզում ես կերտել ապագան՝ հիշիր անցյալը: Երիտասարդական բաժնի ղեկավարի խոսքերով, նման միջոցառումները կընդունեն պարբերական բնույթ և չեն սահմանափակվի միայն Թբիլիսիով: 

DSC06594 DSC06602 DSC06613 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)