1

fb you od

Գիրք-ալբոմների շնորհանդես Սուրբ Գևորգ եկեղեցուն հարակից արտ-սրահում PDF Տպել Էլ.փոստ

sgc 

Վիրահայոց թեմի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի նախաձեռնությամբ ու «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, 2015 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցուն հարակից արտ-սրահում կայացավ «Surb Gevorg Cathedral. որմնանկարներ», «Սայաթ Նովա. քնարերգություն» եւ «Քարթլիի թագուհի Շուշանիկը»  գիրք-ալբոմների շնորհանդեսը,  որին ներկա էին Թբիլիսիում գործող գրադարանների և պատկերասրահների ղեկավարներ, մշակույթի եւ արվեստի հայ և վրացի գործիչներ, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, Հայաստանից ժամանած հյուրեր:

Գիրք-ալբոմները հրատարակվել են  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից և նվիրված են Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցմանը: Գիրք-ալբոմները խորհրդանշում են  այն ընդհանուր մշակութային արժեքները, որոնք միավորում են հայ եւ վրաց ժողովուրդներին:

«Քարթլիի թագուհի Շուշանիկը»  գիրք-ալբոմը նվիրված է Վարդան Մամիկոնյանի դստեր՝  սուրբ Շուշանիկի վարքաբանությանը: Փորձությունների ու տառապանքների մի ուղի, որ կրում էին քրիստոնյա Հայաստանն ու Վրաստանն՝ իրենց հավատի ու ինքնության պահպանման  ճանապարհին: Գիրք-ալբոմի հեղինակներ Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանի և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի առաջարկով՝ Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի, Վրաստանի Էլենե Ախվլեդիանիի անվան մանկական պատկերասրահի սաներն ու Արցախի  պատանի նկարիչները Սուրբ Շուշանիկի կյանքի պատմությունը  ներկայացրել են գույների ու նկարների միջոցով, որոնք էլ տեղ են գտել ալբոմում:

Բավականին յուրօրինակ մոտեցում է  դրսևորվել  «Սայաթ Նովա. քնարերգություն» ալբոմի դեպքում. նկարազարդման միջոցով  գրքում  «ստեղծվել է» հին Թիֆլիսի մթնոլորտը:

«Surb Gevorg Cathedral. որմնանկարներ» ալբոմում ներառված են Սուրբ Գեւորգ տաճարի պատմությունը, որմնանկարները, որոնք պատկանում են Հովնաթանյանների տարբեր սերունդների, Գեւորգ Բաշինջաղյանի,  անհայտ այլ նկարիչների վրձնին և իրավամբ կարելի է  համարել հայկական մոնումենտալ գեղանկարչության արժեքավոր նմուշներից:

Գիրք-ալբոմների շնորհանդեսը ողջունեց IDеА հիմնադրամի փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը: Բանախոսը Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցումը արժևորեց որպես հիմնադրամի կարևորագույն և բարձր մակարդակով իրականացված միջազգային նախագիծ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանին՝ կենտրոնի գրադարանի համար հանդիսավորապես նվիրեց գիրք-ալբոմների հավաքածուն:

Իրենց ելույթներում բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, նկարչուհի Իռենա Օհանջանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը և մյուսները արժևորեցին ալբոմների հրատարակությունը, որն իրականացվել է հայ, վրացի, ռուս եւ անգլիացի խմբագիրների և դիզայներների համատեղ ջանքերով և նվիրված է քրիստոնյա հավատքի, գեղեցիկի, սիրո և բարեկամության գաղափարների հարատևությանը:

Թբիլիսիի Էլենե Ախվլեդիանիի անվան մանկական պատկերասրահի տնօրեն Լիա Գորգաձեն երախտագիտությամբ նշեց պատկերասրահի սաների աշխատանքների ընդգրկումն ալբոմի մեջ և կարևորեց մանուկ հասակից սիրո և փոխադարձ հարգանքի ոգով սերունդների դաստիարակությունը:

Շնորհանդեսի ամփոփիչ խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը երախտագիտության խոսքեր ուղղեց IDеА հիմնադրամին և արժանավոր հայորդիներ Ռուբեն Վարդանյանին ու նրա ընկերներին, որոնց բարեգործությամբ վերակառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, նորովի շարունակում է հոգևոր, ազգային և մշակույթի կենտրոն լինելու իր առաքելությունը: Սրբազան Հայրը բարձր գնահատեց IDеА հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու, գրքերի հրատարակության ծրագրի ղեկավար Էլեոնորա Մալխասյանի նվիրական աշխատանքը, ի մասնավորի երեք-ալբոմ գրքերի բարձրարժեք հրատարակությունը և այս շնորհանդեսը:

Որմնանկարների ալբոմը հրատարակվել է չորս լեզվով՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն,  մյուս երկու ալբոմները եռալեզու են՝ հայերեն, վրացերեն եւ ռուսերեն: Գիրք-ալբոմները հրատարակվել են  «Նուշիկյան պրինտ» տպագրատանը:

Հիմնադրամի կողմից ալբոմներ ստացան բոլոր հյուրերը:

 

DSC04702 DSC04704 DSC04711 

DSC04713 DSC04717 DSC04727 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)