1

fb you od

100 LIVES նախագծի նվերը «Հայարտուն» կենտրոնին PDF Տպել Էլ.փոստ

Ales 

2015 թվականի հոկտեմբերի 29-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի 100 LIVES (100 կյանք)նախաձեռնություն ծրագրի համակարգող – տնօրեն Արեն Ապիկյանի և բանաստեղծ, երաժիշտ Մարինե Ալեսի հետ:

Հանդիպումը բացեց կենտրոնի ղեկավար,Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը: Նա հավուր պատշաճի ներկայացրեց հյուրերին, արձանագրելով նրանց կյանքի հավատո հանգանակն ու գործունեության ասպարեզները: Կենտրոնի տնօրենն անդրադարձ կատարեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված Հայոց Եղեռնից մազապուրծ փրկվածների և Վրաստանում հաստատվածների սերունդների եռալեզու պատմությունների և լուսանկարների ցուցահանդեսին:

100 LIVES - 100 կյանքի պատմություն, որ պետք է փրկվի մոռացության փոշուց, դառնա սերունդներին հասանելի ճշմարտություն և պահանջատիրոջ իրավունքով աշխարհին տեսանելի դարձնի ցեղասպանության արհավիրքները՝ նոր ցեղասպանությունները կանխելու համար: Աշխարհի տարբեր անկյուններում տեսաֆիլմերով, պոեզիայի և երաժշտության երեկոների կազմակերպմամբ, գրքերի ու ալբոմների հրատարակությամբ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու տեսլականով հանդես գալու գործունեություն՝ այս է վերոնշյալ նախաձեռնության նպատակը, որը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գործուն ծրագրերից մեկն է, իր խոսքում կարևորեց նախաձեռնության համակարգող- տնօրենը:

Երգահան-բանաստեղծուհի Մարինե Ալեսը նույնպես լինելով Ցեղասպանությունից փրկված ընտանիքի սերունդ, ներկայացրեց Վարդանյանների ընտանիքի պատմությունը, քանզի դա այն 100 կյանքից մեկն է, որը գոյատևել է, բռնել դեգերումների ճանապարհը, հաստատվել հայրենիքում և այսօր որպես վերածնված ժողովրդի զավակ՝ գովերգում է հայրենիքն ու ժողովրդին:

Մարինե Ալեսը խոսեց իր ստեղծագործական աշխարհի մասին, իր բանաստեղծությունների ու երգերի մասին, որոնք հոգու խոսք են, սրտի կանչ, խոնարհում մեկ ու կես միլիոն սրբացած զոհերի հիշատակին, հիշատակի խնկարկում իր նախնիների շիրիմներին:

Հանդիպմանը պատվավոր հյուրերի խոսքն ընթանում էր Մարինե Ալես երգահանի երգերի շնորհալի կատարումների ուղեկցությամբ, որոնց կատարմամբ հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի մենակատարներ Աննա Բադալյանը, Նինա Կարապետյանը, «Ներսես Շնորհալի» մանկական երգչախումբը (խմբավար՝ Մարի Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան), արժանանալով հեղինակի գնահատականին և հանդիսատեսի ծափողջույններին:

Ի նշան Հայ մշակույթի, ի մասնավորի երգարվեստի տարածմանը նպատակաուղղված գործունեությանը որպես ոգեշնչում և աջակցություն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 LIVES » նախագծի շրջանակներում «Հայարտուն» կենտրոնին փոխանցվեց տղաների և աղջիկների համար նախատեսված հայկական ազգային տարազի 45 հավաքածու:

Իսկ շնորհաշատ երգահան Մարինե Ալեսն իր հետ տարավ երգչախմբի պատանի անդամների ջերմությունն ու թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի հինավուրց քաղաքի տեսարանով կտավը:

DSC04273 DSC04282 DSC04288 

DSC04298 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)