1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի հիշատակության օր

 

Սբ. Թադեոս առաքյալը և Սբ. Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը: Քրիստոսի Համբարձումից հետո` համաձայն Տիրոջ պատգամի. «Գնացե՜ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28: 19): Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների,  բժշկում նաև Աբգար թագավորին, ապա՝ իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, գնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատի բերում և հիմնադրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Գալով Արտազ գավառ, առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին: Իրազեկ դառնալով այս ամենին, Սանատրուկ հայոց արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն ապարդյուն: Զայրացած արքան թե՜ Թադեոս առաքյալին, թե՜ Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում: Քրիստոնյա է դառնում նաեւ կառավարիչը: Ի վերջո, արքայի հրամանով Թադեոս առաքյալը և Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում: Հայ Եկեղեցին Սբ. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ, նախ՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա` Սբ. Սանդուխտ կույսի հետ:

Նշման ամսաթիվը

05.07.2008
25.07.2009
17.07.2010
12.02.2011
21.07.2012
13.07.2013
02.08.2014
18.07.2015
09.07.2016
29.07.2017
14.07.2018
03.08.2019
25.07.2020
17.07.2021
30.07.2022
22.07.2023
13.07.2024
02.08.2025
18.07.2026
10.07.2027
29.07.2028
14.07.2029
03.08.2030