1rus

fb you od

Ցուցահանդես-շնորհանդես՝ նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին PDF Печать E-mail
Новости

546806 291165737666912 356558519 n

Նոյեմբերի 17-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ցուցահանդես-շնորհանդես՝ նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին: Այն համատեղ կազմակերպել էին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը: Միջոցառումը հովանավորել էր ՀՀ մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով նախարարությունը:

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, գրող-բանաստեղծ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամները, գրականասեր հասարակայնության ներկայացուցիչներ Թբիլիսիից, Ջավախքից, երիտասարդ ստեղծագործողներ

262186 291165621000257 1252845718 n

Ցուցադրվել էր գոյության 17 տարիների ընթացքում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հրատարակած 140-150 անուն գրքերի գրեթե կեսը: Դրանք Թբիլիսիից, Վրաստանի այլ տարածաշրջաններից միությանը անդամագրված հեղինակների առանձին գրքեր էին, տարեգրքեր և ժողովածուներ: Բացելով ցուցահանդես-շնորհանդեսը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը նշեց, որ սա հայ գրքի տպագրությանը նվիրված մշակույթի կենտրոնի հերթական միջոցառումն է և այսօր արդեն «Հայարտուն» մշակույթի կենտրոնի օժանդակությամբ տպագրված գրքերի թիվը դարձավ յոթը, ինչը իրավամբ հպարտանալու տեղիք է տալիս: Ընթերցողի սեղանին դրվեցին Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության ավագ, միջին և երիտասարդ սերնդի հեղինակների գրքերը, որոնք հրատարակվել են Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի միջնորդությամբ և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի նյութական աջակցությամբ:

Վարելով երեկոն, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը կարևորեց Վիրահայոց Առաջնորդի և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեությունը, ում անբասիր աշխատանքի արգասիքը նաև այս երեք նոր գրքերի   շնորհանդեսն է: Ավագ սերնդից՝ Խաժակ Եփրիկյանի պատմվածքների ժողովածուի հրատարակությունը նվիրվել է հեղինակի ծննդյան 90-ամյակին և դա մանկավարժ-գրողի   երկրորդ գիրքն է, «Կոմիտասի չինարին» գրքից հետո:

Ընթերցողի սերնդին դրվեց նաև միջին սերնդի ստեղծագործող Սիլվա Սիփանուհու «Սիրո մրցանակ» բանաստեղծությունների ժողովածուն, որը նվիրվում է նրա ծննդյան 55-ամյակին: Սա բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուն է, թեև նա բազմիցս տպագրվել է Վրաստանի և Հայաստանի պարբերականներում: Խորին երախտագիտությամբ բազմազավակ մայրը ընթերցեց իր ամուսնու՝ Գուրի Եթերի բանաստեղծությունը՝ նվիրված   շնորհանդեսին:

Երիտասարդ սերնդի ստեղծագործող Արաքսը (Արաքսյա Սնխչյանը) ընթերցասեր հասարակայնությանը ներկայացավ «Ուրիշ լուսնից» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուով: Նրա առաջին գիրքը լույս է տեսել 2003 թվականին «Վերնատուն» միության «Ծիլեր» ակումբի «Առվակներ» մատենաշարով և կոչվում է «Հույսի կանթեղ»:

«Ծիլեր» ակումբի գործունեությունը և Արաքսի բանաստեղծական առաջին քայլերը ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Ախտյանը:

Գնահատանքի և օրհնության իր խոսքում Վիրահայոց Թեմի Առաջնորդը, շնորհավորելով հեղինակներին գրքերի հրատարակության կապակցությամբ նշեց, որ Վրաստանի, հատկապես Ջավախք աշխարհի հայությունը, որտեղ էլ նա գտնվելիս լինի,միշտ էլ նվիրումով է վերաբերվում իր ծննդավայրին, իր հայրական տուն ու տեղին: Իսկ Վրաստանը այն երկիրն է, որտեղ զարգանում են բազմազգ ժողովուրդների գրականությունը, մշակույթը, որի   մասն ենք նաև մենք՝ հայերս:

Շնորհանդեսին բնորոշ խոսքն ու մեկնաբանությունն ընդմիջվում էր գեղեցիկ ասմունքով,որով հանդես եկավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասանուհի Մելանիա Բարսեղյանը: Վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի նախաձեռնությամբ, վերոհիշյալ հեղինակների ստեղծագործություններից հատվածներ և բանաստեծություններ ընթերցեցին թիվ 104 դպրոցի աշակերտներ Լիզա Թորոսյանը, Դայանա Համբարձումյանը և Արամ Մելիքյանը: Հուզիչ էր հատկապես Արաքսի՝ սեփական բանաստեղծությունների ընթերցումը: Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտներ Մալվինա և Իլոնա Համբարձումյանների դաշնամուրային հիասքանչ կատարումները առանձնահատուկ հմայք հաղորդեցին պոեզիայի գեղեցիկ երեկո դարձած ցուցահանդես-շնորհանդեսին: