1

fb you od

Խորեն վարդապետ Հովհաննիսյանի անդրանիկ Պատարագը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

DSC017303 

2015 թվականի սեպտեմբերի 13-ին, Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջին՝ Խաչվերաց տոնի կապակցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում իր անդրանիկ Պատարագը մատուցեց Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Վիրահայոց թեմում ծառության նշանակված Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի բազմաթիվ հավատացյալների ներկայությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ժողովրդին ներկայացրեց Խորեն վարդապետին:

Սրբազան Հայրը նշեց, որ Հայր Սուրբը երկարամյա իր ծառայության ընթացքին կարևոր վաստակ ունի Հայ Եկեղեցում, մանավանդ այն հատվածում, երբ տեսուչն էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայոց Մարդասիրական ճեմարանի: Սրբազան Հայրը նաև նշեց, որ Հայր Սուրբը հոգևոր հովիվն է լինելու Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայկական համայնքների և համոզմունք հայտնեց, որ նա իր գիտելիքներն ու կարողություններն ի նպաստ կդնի Վիրահայոց թեմի առաքելության նվիրական գործին:

Հոգեշնորհ Հայր Սուրբը որդիական իր խոնարհումը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին իրեն Վիրահայոց թեմում ծառայության նշանակելու համար և Թեմակալ առաջնորդին պատրաստակամություն հայտնեց իր կարելին ներդնելու հոգևոր կյանքի հզորացմանը Վիրահայոց թեմում: Ապա Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին:

Պատարագի ավարտին հավատացյալները մոտեցան Հայր Սուրբին, շնորհավորեցին նրան և մաղթեցին բարի ծառայություն Վրաստանի հայոց թեմում:

Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ծնվել է ՀՀ Արարատի մարզի Ավշար գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսանել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը: 1997 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Եղել է երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական քարտուղարը և գավազանակիրը: Հայրը Սուրբը եղել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջին գավազանակիրը և անձնական քարտուղարը: 2001 թվականի սեպտեմբերից Աստվածաբանական ուսումը շարունակել է Նյու-Յորքում, միաժամանակ լինելով հոգևոր ծառայության մեջ: 2009 թվականին նշանակվել է հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ: Գևորգյան ճեմարանում պաշտպանել է վարդապետական թեզ և ստացել մասնավոր վարդապետական աստիճան ու վարդապետական իշխանության գավազան: Հայր Սուրբը եղել է նաև Սուրբ Գայանե վանքի վանահայր:

2009 թվականին Հայր Խորենը հիմնադրել և շարունակաբար հրատարակել է «Հնդկահայք» երկլեզու (հայերեն-անգլերեն) տարեգրքերը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրատարակվել է նրա «Հարսանեկան ծիսաշարի կանոնները և արարողությունները Հայոց եկեղեցում» աշխատությունը: Հայր Սուրբը մեկ տասնյակից ավելի պատմա-եկեղեցական հոդվածների հեղինակ է:

Նույն օրը Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Խաչի վերացման փառաբանողական արարողություն: Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Սուրբ Խաչի թափոր: Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի առաջնորդությամբ Խաչը պտտեցվեց Եկեղեցու չորս կողմերում և ժողովուրդը օրհնվեց վարդաջրով: Շարականների երգեցողությամբ պտույտներն ավարտելուց հետո, օրհնվեց ռեհանը, որը համարվում է խաչի ծաղիկ:Օրհնված ռեհանը բաժանվեց հավատացյալներին:

Խաչվերացի տոնը Սրբազան Պատարագով և հանդիսավորությամբ նշվեց Բաթումիի «Սուրբ Փրկիչ», Ախալցիխեի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» և Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցիներում:

DSC01697 DSC01725 DSC 0382 

IMGP0245  P 20150913 111308 20150913 125954 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)