1

fb you od

Մշակույթի առաքյալների ելույթը Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ

DSC035622 

2015 թվականի հունիսի 17-ին, երեկոյան ժամերգությունից հետո, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կայացավ հոգևոր երաժշտության համերգ: Այն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում «Լոյս ի Լուսոյ» խորագրով 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է, որը նախաձեռնել է երաժիշտ դաշնակահար Տիգրան Համասյանը Երևանի պետական կամերային երգչախմբի հետ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Համերգային շրջագայությունը իրականացվում է աշխարհի տարբեր երկրների 100 եկեղեցիներում ու տաճարներում, դրանցից մեկը Վրաստանն է, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հինավուրց եկեղեցին:

Եկեղեցում տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը, հոգևոր հայրեր Տեր Սամվել քահանա Թորոսյանը, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և այլոք:  

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: Բացելով համերգը Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը և իրավական հարցերի բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը ներկայացրեցին Տիգրան Համասյանի նախագիծը, որի նպատակն է ՝ հնչեցնելով Հայկական հոգևոր երգն ու երաժշտությունը հին եկեղեցիներում ու վանքերում, որտեղից դրանք սկիզբ են առել, երախտագիտություն հայտնել շարականների ստեղծողներին և համայն աշխարհին ցույց տալ, որ չնայած կրած ցեղասպանությանը, հայ ժողովուրդը պահպանել ու նոր իմպրովիզացիոն մտածելակերպ ու շունչ է հաղորդել հայկական հոգևոր երգեցողությանը, հանձինս այս համերգի:

Երևանի պետական կամերային երգչախմբի հետ Տիգրան Համասյանի դաշնամուրային նվագակցությամբ համերգի երգացանկում ընդգրկված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները:

Ունկնդիրները, որոնց շրջանում բացի հայերից նաև այլազգի երաժիշտներ ու երաժշտասերներ էին, հոգևոր երգի երկրպագուներ ու շարականների գնահատողներ, համակ ուշադրությամբ, աղոթքի նման ունկնդրում էին երգչախմբի փայլուն երգեցողությունը ներդաշնակված նույնքան փայլուն դաշնամուրային երաժշտության հետ:

Վերջում իր օրհնությունը բաշխելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը համերգը նմանեցրեց մեր Սուրբ նահատակներին ուղղված աղոթքի, որ բարձրանալով դեպի Երկինք, վերադառնում ու տարածվում է մեզանից յուրաքանչյուրի վրա:Սրբազան հայրը Սուրբ Էջմիածին եկեղեցու կամարների ներքո հնչած երգեցողությունն անվանեց 5000 տարվա հայկական քաղաքակրթության, քրիստոնեական մշակույթի նմուշ, որ ստեղծել է Հայոց Եկեղեցու փաղանգը շարականների տեսքով: Եվ հայ մշակույթի առաքյալներ մաէստրո Տիգրան Համասյանին և մաէստրո Հարություն Թոփիկյանին որպես նվիրական օրվա հուշ նվիրեց Թենգիզ Միքոյանցի և Մերուժան Շահումյանի գեղանկարները:

Արձագանքելով այս օրերին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգությանը, մշակույթի հայ գործիչները իրենց զորակցությունը արտահայտեցին վրաց ժողովրդին: Հունիսի 18-ին «Լոյս ի Լուսոյ»- խորագրով բարեգործական համերգով նրանք հանդես կգան Թբիլիսիի Վանո Սառաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում: Համերգից ստացված հասույթը կփոխանցվի ջրհեղեղից տուժածների օգնության հիմնադրամ:

DSC03550 DSC03554 DSC03570 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)