1

fb you od

Խոնարհում Ցեղասպանության զոհ հայ մտավորականների հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

Komitas1 

Ընթացիկ տարվա ապրիլի 10-ին, Վրաստանի երաժիշտների ստեղծագործական միության դահլիճում կայացավ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ մտավորականների հիշատակը ոգեկոչող «Մեծաց հիշատակին»խորագրով գրական-երաժշտական երեկո: Այն նախաձեռնել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Վրաստանի հայ մտավորականների միության հետ համագործակցությամբ: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի ժողովրդական պաշտպանի ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոփլիանին, Ժողովրդական պաշտպանի ազգային փոքրամասնությունների խորհրդի գործադիր քարտուղար Բելլա Օսիպովան, թբիլիսյան մտավորականության ներկայացուցիչներ:

Իր ներկայությամբ երեկոն պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը:

Երեկոյի վարող, Վրաստանի հայ մտավորականների միության փոխնախագահ Նաիրա Մարկարյանը, հանգամանալից ներկայացրեց թուրքական ենիչերիների գազանային վերաբերմունքից բանականությունը խանգարված Կոմիտաս վարդապետի կյանքի անցած ուղին: Նա պատմեց նաև այն դաժանությունների և նպատակաուղղված գործողությունների մասին, որ իրականացնում էին Օսմանյան Թուրքիայի իշխանությունները ժողովրդի հոգևոր առաջնորդներ, իշխանության ատյաններում ներգրավված հայազգի պաշտոնյաների նկատմամբ: Բանախոսը հիշատակեց թուրքական յաթաղանի զոհ դարձած Գրիգոր Զոհրաբի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Սիամանթոյի և մյուս արժանավոր հայորդիների մասին:

Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանն ամփոփեց միջոցառումը հանրությանը ներկայացնելով Ցեղասպանությունից հետո Կոմիտասի ապրած տարիները, նրա աճյունի տեղափոխությունը, արժևորելով Խորհրդային Միության հայազգի բարձր պաշտոնյաների հայրենանվեր գործունեությունը, ովքեր կարողանում էին արթուն պահել Ցեղասպանության ճանաչման և արդարության հաղթանակի պահանջը:

Երեկոն կայացած անվանեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը: Իր ելույթում նա խոսեց այն մասին, որ 10 միլիոն հայության ուշադրության կենտրոնում է գտնվում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը: Պարոն դեսպանը երախտիքի խոսքեր ուղղեց վրացահայությանը, պետական հանձնաժողովի տարածաշրջանային հանձնախմբի գործունեությանը, որը Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ ոչ միայն կատարում է ստացված հանձնարարականները, այլև ծրագրված բազում միջոցառումների կազմակերպմամբ ոգեկոչում է մեկ ու կես միլիոն նահատակված հայերի հիշատակը:

Երեկոյի հուզականությունը լրացվեց Երևանից հատուկ ժամանած երգչուհի Ծովինար Սիմոնյան-Լոկմագյոզյանի, ջութակահարներ Նաթիա Չալաշվիլու և Մարիաննա Կիրակոզովայի (դաշնակահարուհի Իրինա Պլատոնովա), Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբի (խմբավար Սվետլանա Տատոևա), անհատ կատարողներ Հենրիխ Պետրոսյանի, Նինա Կարապետյանի,դուդուկահար Վանո Մկրտչյանի և «Հայարտուն» կենտրոնի դուդուկի և դհոլի խմբակների սաների կողմից Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներով: Կոմիտասի կերպարը Վալերի Հունանյանցի «Վիլժյուիֆ բուժարանի հիվանդը« պիեսից դերասան Սամվել Էլբակյանի ներկայացմամբ դարձավ հոգեկան խաղաղությունը կորցրած երգահանի հուզաշխարհի կենդանի արտահայտություն: Բողոքի ցասումի արտահայտություն էր Լևոն Չիդիլյանի կողմից Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից հատվածի ընթերցումը: Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնի» հիանալի կատարումը ճանաչված դաշնակահար Անրի Մեհրաբովի կողմից հայ ժողովրդի հարատևության ազդարարում էր:

DSC02534 DSC02539 DSC02552 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)