1

fb you od

Հիշատակի հոգեհանգիստ Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

earthquake 

2014 թվականի դեկտեմբերի 7-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագ: Հոգևոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը՝ տիկնոջ հետ, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, վիրահայ համայնքային այրեր, հասարակայնության ներկայացուցիչներ:

Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց քրիստոնեական ավանդությունների նշանակության և դրանք ճիշտ և ըմբռնումով կատարելու մասին:

Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժի զոհերի և վերջերս Արցախում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգիների խաղաղության համար: Թեմակալ առաջնորդը Աստծու փորձություն անվանեց արցախյան պատերազմի ծանր օրերին հայ ժողովրդին պատուհասած երկրաշարժը, որի աղետաբեր ցնցումներից վայրկյանների ընթացքում զոհ դարձավ 25 հազարից ավելի մարդկային կյանք: Սրբազան հայրը հիշեց նաև Արցախի սահմանագծին թշնամու գնդակին զոհ գնացած զինվորներին և վերջերս խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին, որոնցից մեկը Թբիլիսիում ճանաչված «Անի» համույթի ղեկավար Անգելինա Նազարյան-Քոչյանի քեռու տղան էր:

Վազգեն Սրբազանը հիշեց նաև աշխարհի երկրների արձագանքն ու օգնությունը դժբախտության մեջ հայտնված հայ ժողովրդին: Նա արժևորեց հարևան քրիստոնյա Վրաստանի և վրաց ժողովրդի օգնությունը և նշեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշում իրեն ցուցաբերած աջակցությունը:

Չնայած ժամանակը սպիացնում է վերքերը, բայց հայ մարդը շարունակում է իր աղոթքով հայցել խաղաղություն զոհերի հոգիների համար և մոմ վառել նրանց հիշատակին: Երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ կատարվեց Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում և մոմեր վառվեցին նրանց հոգիների խաղաղության համար:

IMGP0008 IMGP0063 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)