1

fb you od

Վիրահայ երիտասարդների եռօրյա դասընթացները Ծերովանիում PDF Տպել Էլ.փոստ

cerovani

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ ու Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ , ընթացիկ տարվա օգոստոս ամսին կազմակերպվեց Վրաստանի հայ համայնքի «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթաց»: Ծրագրին մասնակցում էին երիտասարդներ մայրաքաղաքից և Քվեմո Քարթլիի ու Աջարիայի տարբեր հայաբնակ բնակավայրերից: Ծրագիրն իրականացվեց Կաթոլիկական Եկեղեցու Ծերովանի քաղաքամերձ ավանի համալիրում:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները դասախոսություններ ունկնդրեցին եկեղեցական կյանքում երիտասարդության դերի (զեկուցողներ՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան, Տեր Մովսես քահանա Աշուրյան), Թբիլիսիի հայկական պատմա-մշակութային հուշարձանների (Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիիդիլյան), մարդու իրավունքների (Վիրահայոց Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյան), հայ ժողովրդի պատմության (Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի դոկտորանտ Դիանա Տեր-Բաղդասարովա) թեմաներով:

Վրաստանի հայ համայնքում ազգային ավանդությունների և մշակույթի տարածմանն էին միտված ժողովրդական երգի ու պարի պարապմունքները, որ բացօթյա անց էին կացվում համալիրում: Ծրագրում ընդգրկված էր նաև երիտասարդության ժամանցը, որն ընթանում էր ուրախ երգի պարի, մարզական խաղերի ու մրցույթների տեսքով:

Դասընթացների վերջին օրվա ամփոփիչ նիստի ժամանակ երիտասարդներին՝ հայի ինքնությունը պահպանելու, ստացած գիտելիքները և եռանդը տեղերում գործադրելու պատգամ ուղղեցին Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը և մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը:

Վերջում օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը շնորհակալության խոսքեր ուղղեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությանը՝ Ծրագրին ցուցաբերած աջակցության համար: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց թեմի երիտասարդության հարցերի բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի ջանքերը երիտասարդների եռօրյա աշխատանքային վերապատրաստումը բարձր մակարդակով, հետաքրքիր ու բովանդակալից իրականացնելու համար:

Ծրագրի մասնակիցները ստացան Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և վկայականներ: Վրաստանի հայ համայնքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման եռօրյա դասընթացն ավարտվեց հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն, Սուրբ Էջմիածին եկեղեցի և «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոն կատարած այցելությամբ:

IMGP0006 IMGP0078 IMGP0197 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)