1

fb you od

Գուգարաց Թեմի երիտասարդներին հետաքրքրեցին Վրաստանի հոգևոր և մշակութային վայրերը PDF Տպել Էլ.փոստ

gugarac-tem

Օգոստոսի 24-26-ին Վիրահայոց թեմում հյուրընկալվեցին ՀՀ Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու «Նարեկացի» երիտասարդաց միության անդամները՝ հոգևոր պատասխանատու, Վանաձորի «Սբ. Աստվածածին» եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի գլխավորությամբ: Վանաձորցի երիտասարդների ուխտագնացությունը Վրաստան նախաձեռնել և երկու օր իր տանը հյուրընկալեց Վրաստանի Բոլնիսի շրջանի Կիանեթ գյուղի բնակիչ, ներկայումս Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի պատմության բաժնի երրորդ կուրսի ուսանող Ռոբերտ Սարգսյանը:

Եկեղեցասեր երիտասարդների ուխտագնացությունը Վրաստանում սկսվեց Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն այցելությամբ, որից հետո երիտասարդները եղան վրացական հոգևոր մշակութային կենտրոն Մցխեթայում: Հյուրերը դիտեցին Թբիլիսիի հին թաղամասերը, այցելեցին հայկական եկեղեցիներ: Ուխտագնացության շրջանակներում երիտասարդաց միության անդամները Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում մասնակցեցին կիրակնօրյա սրբազան Պատարագին: Հավարտ Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկայացրեց Գուգարաց Թեմից ժամանած եկեղեցասեր երիտասարդներին, օրհնության խոսքեր ուղղեց նրանց և ողջունեց ազգի մասին գիտեցածը նման ուխտագնացություններով հարստացնելու նպատակադրությունը:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ ուխտավոր երիտասարդների հանդիպումը վիրահայոց Թեմի երիտասարդաց միության անդամների հետ: Հյուրերին դիմավորեց և «Հայարտուն» կենտրոնի աշխատանքների մասին ներկայացրեց կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, երիտասարդներին ողջույնի խոսքով դիմեց Թեմի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը: Լևոն Չիդիլյանը և Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանը փոխանակեցին նվերներ:

Ուխտագնացության շրջանակներում հայաստանցի երիտասարդաց միության անդամները այցելեցին Դավթյան տիկնիկային մշակույթի տուն, դիտեցին տիկնիկներով «վերակենդանացած» հին թիֆլիսյան թաղամասերն իրենց հարուստ կոլորիտով:

Ուխտագնացության օրերին վանաձորցի հյուրերին ուղեկցում էին Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի պատասխանատու, հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանը, երիտասարդաց միության անդամներ Իննեսա Սարուխանյանը և Հովհաննես Շահնազարյանը:

Վառ տպավորություններով և նոր ծանոթություններով հարստացած ՀՀ Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու Նարեկացի երիտասարդաց միության անդամները վերադարձան հայրենիք արդեն Վանաձորում վիրահայ երիտասարդներին հանդիպելու սպասումներով:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)