1

fb you od

«Հայկական գաթա» փառատոն Ջավախքում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

859565 343485732434912 199775402 o

«Հայկական գաթա» փառատոն Ջավախքում Մարտի 6-ին Մեծ պահքի Միջինքի օրը Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ նշվեց «Հայկական Գաթա» փառատոնը: Փառատոնն ազդարարվեց տերունական աղոթքով, որից հետո Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ՝ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը խոսեց Մեծ պահքի և Միջինքի մասին: Հայր Սուրբը իր խոսքում վստահություն հայտնեց, որ բոլոր հայ ընտանիքներում թխվում են գաթաներ, սակայն շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է նշանակում գաթա, որտեղից է գալիս այն: Միաժամանակ ավելացրեց. «Առաջին անգամ է Ջավախքում անցկացվում «Հայկական գաթա» փառատոնը, որը բարի սկիզբ է ապագայի համար: Մենք պետք է դիմենք միջազգային կազմակերպություններին, որ շատ ու շատ այլ կերակրատեսակների հետ միասին գաթան անցկացնեն Յունեսկոյի գրքի մեջ՝ որպես հայկական ուտեստ»:

887103 343485645768254 555701929 o

Այնուհետև Շուշանիկ Սալայանը հավաքվածներին ներկայացրեց միջինքի գաթայի հայկական ավանդույթները: Ըստ ավանդության՝ այդ օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս հավասար բաժին հանում տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր: Փառատոնին ներկայացվեցին երկու տասնյակից ավել գաթաներ, որոնք ջերմությամբ և խանդավառությամբ պատրաստվել էին երաժշտական, կիրակնօրյա դպրոցների և «Ապագայի տուն» ուսումնական կենտրոնի անդամ կանանց կողմից: Միջոցառումն ուղեկցվում էր Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի հոգեպարար շարականներով, Ախալքալաքի մշակույթի տան սաների հայրենասիրական երգերով: Փառատոնի վերջում հանդիսապետությամբ՝ Հայր Սուրբի և հոգևոր դասի, օրհնվեցին գաթաները, որից հետո «Վաչիան» երգի-պարի համույթի սաները, ազգային տարազներ հագած, մատուցեցին օրհնված գաթաները ներկաներին: Այն երջանիկները, ովքեր իրենց բաժին գաթայում գտան ավանդական մետաղադրամը, առաջնորդական փոխանորդից ստացան Աստվածաշունչ մատյաններ, որոնք նվիրաբերվել էին Տեր և Տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների կողմից: Փառատոնն ավարտվեց, սակայն այն մի նոր սկիզբ ու մշակույթ ազդարարեց Ջավախքում: