1

fb you od

Վերաօծվեց Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ

IMG 9422

Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունը տասնամյակներ շարունակ   արժանին մատուցելով իր զավակի հիշատակին, ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է   հայ մեծ աշուղ Ջիվանու   երգի ու երաժշտության մեծարմանը, ոգեկոչելով սերունդներին նրա արվեստի անկրկնելիությունը:   Այս անգամ էլ չխախտվեց ավանդույթը:

Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան)ավանդական մեծարման օրը տեղի բնակչության համար կրկնակի տոնական էր:   Հիշատակի օրվան նախորդեց տեղի եկեղեցու վերաօծման արարողությունը՝ հուլիսի 14-ին վերաօծվեց Կարծախի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին:

100 9292

Հնամենի, հայաբնակ Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին: Տարիներ շարունակ Եկեղեցին եղել է տեղի բնակչության Աստծու տունը: Սակայն ազգաբնակչության բազմանալուն զուգընթաց անհրաժեշտություն է դարձել նոր եկեղեցու կառուցումը: Եվ ահա 1880-96 թվականներին քանդելով նախկինում կառուցված եկեղեցին, նրա   տեղում վեր խոյացավ բազիլիկ տիպի զանգակատնով հոյակերտ տաճարը, որի շինարարությանը իրենց մասնակցությունը բերեցին այդ ժամանակաշրջանի   թիֆլիսաբնակ անվանի հայ առեւտրականները:

Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը սկսվեց հուլիսի 13-ի երեկոյան «Դռնբացեքի» արարողությամբ: Ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, սուրբ խորանը, մկրտության ավազանը եւ սրբապատկերները:

Ջավախքի նահանգն ընդհանուր առմամբ եւ Կարծախ գյուղն ի մասնավորի   հայտնի են     հայությանը տված   իրենց անվանի զավակներով, որոնց թվում առանձնահատուկ   է 1846 թվականին ծնված հայ աշուղական արվեստի կարկառուն դեմք աշուղ Ջիվանին, որ շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ու Սայաթ-Նովայի զարգացրած խորը փոլիսոփայական գաղափարներով երգի եւ խոսքի ստեղծումը:

Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության Կովկասի տարածաշրջանի պատասխանատու Տարոն Շագոյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Վանո Ծիկլաուրին, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի տեղական իշխանության մարմինների, մտավորականության եւ արվեստի ներկայացուցիչները, պատգամավորներ եւ պետական գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, հյուրեր Թբիլիսիից եւ Երեւանից:

Հուլիսի 14-ի առավոտյան, Սուրբ Պատարագից առաջ, պատվարժան հյուրերը Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխառաջնորդ Բաբգեն աբեղա Սալբիյանի, հոգեւոր դասի եւ ժողովրդի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Ջիվանու հուշարձանին, որի հեղինակն է թբիլիսաբնակ ճանաչված քանդակագործ Վլադիմիր Ավակովը եւ կատարվեց հոգեհանգիստ: Նորաօծ եկեղեցու բակում հավաքված բազմությանը ողջույնի խոսքով դիմեցին Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, «Հայլուրի» տնօրեն Գեւորգ Ալթունյանը եւ Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Բաբգեն աբեղա Սալբիյանը:

Հոգեշնորհ Հայր Սուրբը նաեւ Առաջնորդական շնորհակալագրեր փոխանցեց եկեղեցու բարերարներին, վերանորոգող շինարարներին եւ վարպետներին:

Նորաօծ եկեղեցու Սուրբ Սեղանի օծմանը եւ անդրանիկ Սուրբ Պատարագի մատուցմանը հաջորդեց հրապարակախոս ու փիլիսոփա, բարոյագետ ու երգաստեղծ աշուղ Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսը, վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը՝ վարպետ եւ ինքնագործ երգիչների եւ համույթների կատարմամբ: Վերստին իր հող ու ջրի վրա տարածվեց Կարծախ աշխարհի անմահ զավակ, աշուղ Ջիվանին իր բարձրարժեք ու խորիմաստ արվեստով: