1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի շնորհավորական ուղերձը համայն վրաց կաթողիկոս պատրիարք, սրբազնագույն եվ երանաշնորհ Իլիա Բ-ին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Ձերդ Սրբություն,

ilia 2Վիրահայոց թեմի հոգևոր դասի, պաշտոնեության և հավատացյալների անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Վեհափառությանը՝ գահակալության 40-ամյա հոբելյանի և ծննդյան 85-ամյակի առիթներով: Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդներն ու եկեղեցիները Անդրկովկասում միասին են կերտել քրիստոնեական մշակույթը և տարածել Հիսուսի լույս Ավետարանը՝ մարդկանց սրտերում դնելով սեր, բարություն, լուսավորություն և սգավորների հոգում՝ մխիթարություն: Ձերդ Վեհափառության գահակալության 40 տարիները շարունակությունը եղան մեր եկեղեցիների եղբայրության և միասնության: Դուք վառ պահեցիք հիշատակը երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հավատարիմ մեր լուսավոր հայրապետների հաստատած միասնության ուղուն, շարունակեցիք Ձեր օրհնությունն ու աղոթքը բարձրացնել նաև Հայաստանի և հայ ժողովրդի խաղաղության համար: Հիրավի, Ձերդ Վեհափառության խոսքերը դարձան թևավոր, որ Վրաստանն ու Հայաստանը այս տարածաշրջանում երկու քրիստոնեական օազիսներ են: Մեզ համար մխիթարություն է, որ Ձերդ Սրբությունը՝ Վրաստանում և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Հայաստանում, շարունակում եք այդ օազիսների պահպանության և անվտանգության քաջ հովիվները մնալ: Դուք այսօր շարունակում եք Անդրկովկասում վառ պահել քրիստոնեական հին ավանդությունների և բարեպաշտական սովորությունների, ընտանեկան սրբության, ժողովրդի մեջ՝ հավատքի ջահը:

Վեհափառ Տեր, Վիրահայոց թեմը, իբրև սիրո և հարգանքի տուրք, հոգևոր Հայրապետի վաստակաշատ Ձեր հոբելյաններին է նվիրել Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, դեկտեմբերի 25-ին կայանալիք դասական երաժշտության համերգը:

Մենք աղոթում ենք Ձեր արևշատության, վրաց և հայ եկեղեցիների անսասան բարեկամության համար և մաղթում քաջառողջություն, արևշատ տարիներ: Աղոթում ենք մեր եկեղեցիների եղբայրության համար, ու թող Ձեր օրհնությունը միշտ ապավեն լինի ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ Վրաստանում ապրող հայ համայնքի համար:

Որդիական խոնարհությամբ՝ Մատչիմ ի համբոյր Ձերդ Օծեալ Սուրբ Աջոյն:

ՏԵՐ ՎԱԶԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ