Վիրահայոց թեմը նշեց Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարքի գահակալության 40-ամյակը |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ էր հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովվապետին՝ փառավոր հոբելյանների առիթով: Վիրահայոց թեմը Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Բ-ի գահակալության 40-ամյակին և հայ-վրացական հազարամյակների բարեկամությանը նվիրեց դասական երաժշտության համերգ, որին մասնակցեցին Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած երաժիշտներ: Համերգը տեղի ունեցավ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի Փոքր դահլիճում:
Իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի ու Գումբուրդոյի, Հարավային Ամերիկայի միտրոպոլիտ Գերաշնորհ Նիկոլոզ Փաչուաշվիլին: Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը ամփոփ ներկայացրեց հազարամյակների պատմություն ունեցող Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների համագործակցությունը և բարեկամությունը: Պատմության քառուղիներում բազմիցս հայտնված երկու հավատավոր ազգերը իրենց առաջնորդների եղբայրական սիրով կերտել են քրիստոնեական մշակույթը և տարածել Հիսուսի լույս Ավետարանը:
Միջոցառման կապակցությամբ շնորհակալության խոսք ասաց միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին: Վերջինս բարձր գնահատեց Վիրահայոց թեմի կողմից Վրաց քրիստոնյա Եկեղեցու հովվապետի հոբելյանները այս ձևով նշելը, արժևորեց Հայ և Վրաց Եկեղեցիների բարեկամությունը, որն ունի դարերի պատմություն և որ այդ համագործակցությունը նոր լիցքով ու հագեցվածությամբ շարունակում է արձանագրվել Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Բ-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հովվապետությամբ: Դասական երաժշտության համերգի ընթացքում դաշնակահար Մամիկոն Նահապետյանի, կլարնետահար Դիմիտրի Բոքոլիշվիլու և երաժիշտ Հովհաննես Համբարձումյանի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Շուբերտի, Կրայսլերի, Շումանի և Հովհաննես Համբարձումյանի ստեղծագործությունները: |