1

fb you od

Տեառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

trndez 

Ընթացիկ տարվա Տեառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմում նշվեց մեծ շուքով: Տոնը հանդիսավորապես նշելուն պատրաստվել էին թեմի հայաբնակ գրեթե բոլոր տարածաշրջաններում և մայրաքաղաքում: Այն ժողովրդական մեծ խանդավառությամբ նշվեց Ջավախքի Առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բաթումիի Սուրբ Փրկիչ, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, ինչպես նաև մշակութային կենտրոններում:

Տոնը բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը, անշարժ է և ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին: Տոնակատարութունը Վիրահայոց թեմի եկեղեցիներում սկսվեց 2016 թվականի փետրվարի 13-ի նախատոնակով:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ նախատոնակ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հայ ժողովրդի սիրած Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինաթյամբ հայտարարվել է նորապսակների օրհնության օր: Աստվածահաճո արարողությանը ներկա գտնվելու և Բարձրյալի օրհնությանը արժանանալու փափագով եկեղեցում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում:

Սուրբ Գևորգ եկեղեցում հավաքված հոծ բազմությանը ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը կարևորեց մայր հայրենիքից դուրս ազգ ներկայանալու, ազգային և եկեղեցական ավանդույթները պահպանելու և սերունդներին փոխանցելու կարգը: Թեմակալ առաջնորդը հորդորեց ներկաներին՝ հավատարիմ մնալ ավանդական և հոգևոր տոներին, համախմբված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջը՝ պահել ու պահպանել ազգայինը, հոգևորը: Վազգեն Սրբազանը գնահատանքի խոսքեր ուղղեց Վրաստանի իշխանություններին և վրաց ժողովրդին, որոնց բարյացակամ վերաբերմունքով վիրահայությունը տերն է իր ազգային և հոգևոր արժեքների և հոգում է դրանց զարգացման մասին:

Եկեղեցու բակում վառվեց Տեառընդառաջի ավանդական խարույկը և սկսվեց ճոխ համերգը, որը կազմակերպել էր Թեմի մշակույթի բաժինը տնօրեն Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ: Համերգի վարող Լիզա Թորոսյանի հայտարարությամբ, իրար հաջորդեցին «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե) և «Անի» պարային համույթների (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) պարերը, ուրախ երգն ու նվագը «Հայարտուն» կենտրոնի դհոլի և դուդուկի խմբերի կատարմամբ:

Հանդիսությամբ նշվեց Տեառնընդառաջի տոնը նաև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Նախատոնակի ժամերգությունից և նորապսակների օրհնությունից հետո բակում վառվեց ավանդական խարույկը և այնուհետև «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տրվեց գեղեցիկ համերգ, որին մասնակցեցին «Ներսես Շնորհալի» մանկա-պատանեկան երգչախումբը և մենակատարները, «Տարոն» պարային համույթը: Համերգի վարող Աննա Բադալյանը նույնպես հանդես եկավ երգերի գեղեցիկ կատարումներով:

Քաղաքի երկու թաղամասերում գտնվող հայոց եկեղեցիներում ուրախ երգն ու պարն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ:

Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների հոգևոր սպասավորների նախաձեռնությամբ և խաչքավորներ Յուրի Երեմյանի և Կարեն Սարգսյանի աջակցությամբ կազմակերպվեց հյուրասիրություն, որի ընթացքում ամուսնացած զույգերը ունեցան նաև փոխադարձաբար ծանոթանալու և շփվելու հնարավորություն:

Փետրվարի 14-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ տրվեց տոնական Սուրբ Պատարագ: 


Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)