1

fb you od

«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների ամանորյա տոնահանդեսը PDF Տպել Էլ.փոստ

nakhakrtaran 

2015 թվականի դեկտեմբերի 25-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թեմի «Մովսես Խորենացի նախակրթարան»-ի ամանորյա և Սուրբծննդյան տոնահանդեսը: Դահլիճը ուսուցիչ-դաստիարակների երևակայությամբ և ծնողների աջակցությամբ վեր էր ածվել անտառային բացատի, որտեղ հավաքված երեխաները ներկաներին ցույց էին տալու, թե ինչպես են պատրաստվել Ձմեռ պապի հետ հանդիպմանը, որը ավետելու է նոր՝ 2016 թվականի գալուստը:

Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ: Ներկաները դիտեցին տեսաֆիլմ, որտեղ ամրագրված էր նախակրթարանի փոքրիկների նամակագրությունը Ձմեռ պապին՝ Նոր տարվա գիշերը իրենց երազած նվերը ստանալու խնդրանքով:

Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն և նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի բացման խոսքից հետո, ասպարեզը տրվեց փոքրիկներին: Երեխաները իրենց երգով ու պարով ներկայացրեցին տարվա չորս եղանակները, առանձնահատուկ սպասելով ձմռանը և ձյան փաթիլներին, նաև Ամանորյա և Սուրբծննդյան բարեմաղթանքներ ուղղեցին հյուրերին, ուսուցիչներին, ծնողներին, տատիկ-պապիկներին:

Տոնահանդեսից ստացած իրենց տպավորություններն արտահայտեցին Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ-տեսուչ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը և Վրաստանում ՀՀ դեսպանության մշակույթի գծով քարտուղար Էլինա Մկրտչյանը, կարևորելով Ձմեռային տեսք ստացած դահլիճի ձևավորումը, երեխաների ճիշտ վարվելակերպը, վարժ արտասանությունը, գեղեցիկ երգն ու պարը, ինչը այն բանի վկայությունն է, որ նախակրթարանը Թեմի կրթական բաժնի տնօրինության և ուսուցչական կազմի ջանքերով կայացել է որպես մատաղ սերնդի հայեցի դաստիարակության օջախ, որի գործունեությունն ընթանում է զարգացման ճիշտ ուղիով:

Ծնողների անունից նախակրթարանի դաստիարակներին և Վիրահայոց թեմին ու նրա առաջնորդին ուղղված երախտիքի խոսքով հանդես եկավ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, որի զավակները եղել և այսօր էլ դաստիարակվում են այս կրթօջախում:

Հավարտ միջոցառման գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն անդրադարձ կատարեց «Հայարտուն» կենտրոնի, ի մասնավորի այստեղ գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի գործունեությանը, որն ամեն անգամ ներկայանում է նոր գեղեցկությամբ, նոր ձևավորմամբ ու նոր ռեժիսուրայով, բարձր գնահատեց նախակրթարանի ուսուցիչների, բոլոր աշխատակիցների նվիրական աշխատանքը: Արժևորելով տաճարի դերը սերունդների դաստիարակության գործում, Սրբազան Հայրը մարդկային կյանքում ամենազորեղ պահպանիչ անվանեց ամեն առավոտ Սուրբ Էջմիածին տաճարում երեխաների աղոթքով սկսվող օրը: Թեմակալ առաջնորդը փոխանցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի, «Հայարտան» բարերար Բորիս Սաակովի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները և գնահատանքի խոսքեր ուղղեց Աջարիայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանին, Թեմի վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանին և նախակրթարանի ծնողներին՝ ամանորյա նվերներով երեխաներին ուրախացնելու համար: Վազգեն Սրբազանը բոլորին հրավիրեց մասնակցելու Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի արարողություններին:

DSC04842 DSC04854 DSC04862 

DSC04864 DSC04869 DSC04873 

DSC04878 DSC04882 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)