1

fb you od

Վիրահայ ուխտավորները մասնակցեցին Սուրբ Մյուռոնօրհնությանը PDF Տպել Էլ.փոստ

m1 

2015 թվականի սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Մյուռոնօրհնություն: Աշխարհի բոլոր ծագերից հազարավոր հայեր նվիրական ուխտով իրենց մասնակցությունը բերեցին Սրբազան արարողությանը: Վիրահայ համայնքը, որ դարեր շարունակ ամուր թելերով կապված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ախալցխայից, Ախալքալաքից, Նինոծմինդայից, Բաթումից և մյուս հայաբնակ տարածաշրջաններից և քաղաքամայր Թբիլիսիից ժամանած շուրջ 350 հավատացյալների և նրանց հոգևոր հովիվների ստվար խմբով, ուխտի մեծ պատգամով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՝մասնակցեց սրբալույս մյուռոնի օրհնությանը:

Ուխտավորների խումբը Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի գլխավորությամբ, ուխտագնացությունն սկսեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում գտնվող Օձունի հինավուրց Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելությամբ, որտեղ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում աղոթք բարձրացնելուց հետո հավատացյալների մյուս խումբը վաղ առավոտյան հոգևոր հովիվներ Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի գլխավորությամբ ճանապահ ընկավ դեպի Մայր Տաճար: Նրանց առաջին կանգառը եղավ Գյումրի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը հայտնի է Յոթվերք անունով: Այուհետև ուխտավորների խումբ այցելեց Հառիճավանք և Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի:

Իսկ Արակովայի ուխտավորների խումբն իր ուխտագնացությունը հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր Մկրտչյանի առաջնորդությամբ սկսեց Գյումրիի Յոթվերք եկեղեցուց և շարունակեց Ազատանի Սուրբ Ստեփանոսի անվան եկեղեցում մոմ վառելով և Խոր Վիրապ այցելությամբ:

Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հավատացյալները և ուխտավորները հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի ղեկավարությամբ եղան Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

Թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացությունը Հայոց Եկեղեցու ծառայողներ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի և Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի գլխավորությամբ սկսվեց դեռևս սեպտեմբերի 26-ին: Մայր Հայրենիքում ուխտավորների խմբի առաջին այցելությունը կատարվեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշակոթող, որտեղ հավատացյալներն իրենց խոնարհումը բերեցին անմեղ զոհերի հիշատակին և Վիրահայոց թեմի Մառնեուլիի շրջանի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի օրհնությամբ աղոթք բարձրացրին հայցելով Հայոց Եղեռնի սուրբ նահատակների բարեխոսությունը:

Ուխտավորների թափորը ներկա գտնվեց նաև Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի տանը Սուրբ Մյուռոնի օրհնությանը նվիրված «Վիրահայ նկարիչները Սուրբ Էջմիածնում» խորագրով ցուցահանդեսի բացմանը և մասնակցեց Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից թբիլիսահայ ուխտավորների պատվին կազմակերպված հյուրասիրությանը:

Մայր Հայրենիքի Արմավիրի շրջանի Լուկաշին գյուղում թբիլիսահայ ուխտավորների հյուրընկալությունը և գիշերելը հոգացել էր Թբիլիսիի Հայոց Եկեղեցու ծառայող Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն իր բարեկամների և համագյուղացիների հետ՝ «Ջազվե» ընկերության աջակցությամբ:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Թբիլիսիից ժամանած ուխտավորներն իրենց հոգևոր հովիվների ուղեկցությամբ, Մայր Տաճարում մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագին և ստացան հաղորդություն:

Վիրահայ ուխտավորները Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ հյուրընկալվեցին Վաղարշապատի փոխքաղաքապետ Նորիկ Միրզախանյանի կողմից կազմակերպված ճաշկերույթին:

Սեպտեմբերի 27-ի երեկոյան, Վրաստանի Սամցխե Ջավախքի, Քվեմո-Քարթլիի նահանգներից և Բաթումիից ժամանած ուխտավորների 350-հոգանոց բազմությունը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի առաջնորդությամբ մասնակցեց Սրբալույս Մեռոնի օրհնությանը:

Սրբազան Մյուռոնօրհնությունը, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգով կատարվում է յոթ տարին մեկ և այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության Սրբադասված նահատակների 100-րդ տարելիցին, կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ: Սրբազան արարողությունն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ միասին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններ, այդ թվում նաև Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը: Հյուրերի շրջանում էին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Սամվել Պետրոսյանը, Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային, պետական և հասարակական կառույցների ղեկավարներ, համայնքային գործիչներ, մտավորականներ: Սրբալույս մյուռոնի օրհնության հարուստ տպավորություններով ու հոգևոր նոր լիցքով ավարտվեց վիրահայության ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Թբիլիսահայ հավատացյալներն իրենց երախտագիտությունն են հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, արժանաշնորհ հոգևոր հայրեր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին և Տեր Նարեկ քահանա Ղուշչյանին, Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, փոխքաղաքապետ Նորիկ Միրզախանյանին, «Ջազվե» ընկերությանը և մյուս բարերարներին՝ վիրահայերի ուխտագնացության կազմակերպմանը և իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)