1

fb you od

Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

surb cnund 

2015 թվականի առաջին տաղավար տոնը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը Վիրահայոց թեմում նշվեց պատշաճ հանդիսությամբ: Դեռևս հունվարի 5-ի երեկոյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Հունվարի 6-ի առավոտից շարունակվեց տոնական տրամադրությունը: Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամբ մատուցված տոնական Սուրբ Պատարագին մասնակցեց Ախալքալաքի շրջանային ժողովի փոխնախագահ Նաիրի Իրիցյանը:

Իսկ Բաթումիի Սուրբ Փրկիչ Եկեղեցի այցելեցին և հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեն և Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովը:

Հավատացյալներով լեփ-լեցուն Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հայոց Եկեղեցի այցելեցին և Սուրբ Ծննդյան տոնական Պատարագին ներկա գտնվեցին Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Վրաստանի խորհրդարանի անդամներ Սերգո Ռատիանին և Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին կից հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանի տեղակալ Վահագն Աֆյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, դեսպանության դիվանագետներ, պետական, հասարակական գործիչներ:

Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը:

Սբ. Պատարագի վերջում Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և Եկեղեցու Խաչի կնքահայր վերստին դարձավ արժանավոր հայորդի, հավատավոր քրիստոնյա Յուրի Երեմյանը:

Հավարտ Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը շնորհակալության խոսքեր ուղղեց վրաց պետության և կառավարության ներկայացուցիչներին` Սուրբ Ծննդյան տոնի առիթով Հայոց Եկեղեցու հավատացյալներին շնորհավորելու կապակցությամբ: Անդրադարձ կատարեց պատմականորեն հավատակից ժողովուրդների հարաբերություններին, հայ և վրաց եկեղեցիների բարեկամությանը:

Այնուհետև հավաքվածներին Սուրբ Ծնունդի, Աստվածհայտնության և ջրօրհնեքի կապակցությամբ շնորհավորանքի խոսքերով դիմեցին Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին և Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն և փոխանցեցին Վրաստանի վարչապետի շնորհավորանքները: Հայրենակիցներին բարեմաղթանքի խոսքեր հղեց խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը:

Տոնական Սուրբ Պատարագից հետո երկրի պետական այրերը Վիրահայոց Թեմի առաջնորդի հետ միասին ներկա գտնվեցին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում Վրաստանի Հայ կանանց «Շուշանիկ» միության (նախագահ Սուսաննա Խաչատրյան) կազմակերպած ավանդական հայկական գաթայի փառատոնին:

Բաժակ բարձրացնելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության համար, հյուրերը հավաքվածներին վերստին շնորհավորեցին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և հյուրասիրվեցին հայ տիկինների ձեռքով և սրտի ջերմությամբ պատրաստված հայկական գաթայի տարատեսակներով:

Փառատոնն անցավ կենտրոնի ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների ուժերով կազմակերպված ջերմ համերգի ներքո:

DSC01560 DSC01561 DSC01575 

DSC01592 Безымянныйa Безымянныйaaa