1

fb you od

Վիրահայոց թեմի հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին PDF Տպել Էլ.փոստ

kiraknorya 

Վիրահայոց թեմի հայերենի ուսուցման «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան, անդրանիկ դասին ներկայացած «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի շուրջ 6 տասնյակ տարբեր տարիքի հայորդիներին ուսումնառության մեկնարկի առթիվ շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր ուղղեցին Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը և հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանը:

Ուսուցչուհի Թամարա Գաբոյանը նորեկներին բաժանեց ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից տրված Ա.Քյուրքչյանի և Լ.Տեր-Գրիգորյանի «Զանգակ» այբբենարանը և չորս աշխատանքային տետրեր, իսկ երկրորդ դասարանցիները ստացան Ջ.Գյուլամիրյանի «Մայրենի լեզու-2» դասագիրքը և աշխատանքային տետրեր:

Սեպտեմբերի 14-ին հայերենի ուսուցման ժամերը մեկնարկեցին նաև «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցում: Ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը դիմավորեց այն պատանիներին և երիտասարդներին, ովքեր եկել են սովորելու մայրենին, սերտելու մեսրոպատառ հայերենը և առնչվելու ազգայինին, որով համակված է այստեղ ամեն ինչ: Սաներին բաժանելով դասագրքերը և աշխատանքային տետրերը, ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը ձեռնամուխ եղավ դասին, որի թեման հայն ու հայկականությունն էր:

Կիրակնօրյա դպրոցի սովորողներին ողջունեցին և նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորեցին բեյրութահայ ազգային, հասարակական և գրական գործիչներ «Կամսար» թերթի խմբագիր Ժիրայր Դանիելյանը, «Ազդակ» օրաթերթի գրական բաժնի և «Բագին» ամսագրի խմբագիր Սարգիս Կիրակոսյանը և «Խոսնակ» թերթի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը: Հյուրերը Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ դիտեցին «Հայարտուն» կենտրոնը և ծանոթացան այստեղ տարվող աշխատանքներին:

Հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներում դասավանդվում է գրաճանաչություն, քերականություն և գրականություն, զարկ է տրվում հայերենով հաղորակցության զարգացմանը, ինչպես նաև անց են կացվում հայ ժողովրդի և Եկեղեցու պատմության դասեր: Ուսուցումը անվճար է՝ երկամյա ծրագրով:

Այս ուսումնական տարում Վիրահայոց թեմը ի զորու է մեկօրյա դպրոցներ ընդունել երկու հարյուրից ավելի նորեկների: Դպրոցում սովորել ցանկացողների ընդունումը   կշարունակվի մինչև սեպտեմբերի վերջը:

DSC 8660 DSC 8707 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)