1

fb you od

Վիրահայոց թեմում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Հարության տոնը PDF Տպել Էլ.փոստ

chragaluic


Սուրբ Զատկական տոնը Վիրահայոց թեմում նշվեց Հայ Եկեղեցու կանոններով և արարողակարգերին համապատասխան: Ինչպես Ճրագալույցի երեկոյան, այնպես էլ Սուրբ Զատկի օրը Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլի շրջանում, Բաթումիում հավատացյալ հոծ բազմության մասնակցությամբ, տեղի ունեցան սրբազան արարողություններ: Եվ քանի որ այս տարի վրացական ուղղափառ եկեղեցու տոնը համընկել էր Հայոց Եկեղեցու զատկական տոնակատարությանը, այն դարձել էր ավելի տոնական և մարդաշատ:

Տոնը առանձնակի նշվեց Թբիլիսիում: Ապրիլի 19-ին, Ավագ շաբաթ օրը, առավոտյան Սուրբ Էջմիածին եկեղեցում զատկական տոնի առիթով Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի աջակցությամբ նվերներ բաժանվեցին սոցիալապես անապահով մի քանի տասնյակ ընտանիքների, ապա տոնական շունչը տեղափոխվեց «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանի անվան դահլիճ: Այստեղ Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները իրենց ուսուցիչների գլխավորությամբ կազմակերպել էին զատկական գեղեցիկ հանդես, որը շաղախված էր ազգային երգ ու պարով: Իսկ երեկոյան, Ճրագալույցից առաջ, մայրաքաղաքի թիվ 103 դպրոցի հայկական բաժնի աշակերտները եկեղեցու ներսում հանդես եկան գրական-երաժշտական մոնտաժով, որտեղ ներկայացրեցին Հիսուս Քրիստոսի հարության պատմությունը:

Այնուհետև սկսվեց Ճրագալույցի պատարագը: Պատարագիչ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Ժողովրդի այցը եկեղեցի շարունակվեց մինչև կեսգիշեր:

Ապրիլի 20-ին, կիրակի օրը հավատացյալներով լեփ-լեցուն էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը և մերձակա տարածքը: Եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ:

Սրբազան Հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով և փոխանցեց Վեհափառ Հայրապետի շնորհավորանքը Վրաստանաբնակ հայությանը զատկական տոնի առիթով: Հավարտ Սուրբ Պատարագի Սրբազան Հայրը շնորհավորեց Վրաստանում ապրող քրիստոնյա բոլոր ազգերին Սուրբ Զատկի տոնի առիթով:

Հիսուս Քրիստոսի Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում:

IMGP5106 IMGP5136 IMGP5223

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)