1

fb you od

Հայաստանի գրողների միության վարչությանը, անդամներին և Անանյան ընտանիքի սգակիր անդամներին PDF Տպել Էլ.փոստ

Levon Ananyan

Սիրելի քույրեր և եղբայրներ, վրացահայության համար մեծ վիշտ է անվանի հայորդի, եղբայրական Վրաստանի լավ բարեկամ, թբիլիսահայության և ջավախքահայության աջակից, բարի մարդու և լուսամիտ մտավորականի անդառնալի կորուստը:

Դառնորեն սգում ենք, քանի որ շատ երազանքներ ու տեսիլքներ մնացին անավարտ: Ափսոսում ենք, որ սիրելի Լևոնին չենք տեսնելու աղայանական օրերին՝ Բոլնիս-Խաչենում, սայաթնովյան Վարդատոնին՝ Թբիլիսիում, ջիվանական տոնահանդեսին՝ Կարզախում, տերյանական պոեզիայի օրերին՝ Գանձայում, Հավասու աշուղական դաշտահանդեսին՝ Այազմայում և....

Անգնահատելի է Լևոն Անանյանի ներդրումը նաև հայ-վրացական գրական երկխոսության ոլորտում. տասնյակ գրքեր թարգմանվեցին հայերենից վրացերեն և հակառակն, վրաց ստեղծագործողներից շատերը Լևոնի միջոցով բարեկամացան Հայաստանին ու Արցախին, վիրահայ անվանի սեղծագործողներ դարձան հայ գրողների միության անդամներ....

Երախտագետ թբիլիսահայությունն իր ավարտին կհասցնի Լևոն Անանյանի կողմից սկսված Մեծն Թումանյանի տան ամբողջական ձեռք բերման և «Վերնատան» վերահաստատման սուրբ գործը:

Տխուր է և դառնացած մեր հոգին: Սակայն Լևոն Անանյանի անկորնչելի գործերը, մարդկային անկեղծ շփումները, բարի ժպիտը մշտապես ուղեկցելու են մեզ մեր աղոթքներում և բոլոր օրերում՝ Բոլնիս-Խաչենից մինչև Գանձա ու Հեշտիա:

Ի խորոց սրտի աղոթում ենք սիրելի Լևոն Անանյանի հոգու խաղաղության ու փրկության համար: Թող մեր հայրերի Աստված լույսերի մեջ բարի հրեշտակներով բարձրացնի նրա հոգին երկինք ու միավորի հայոց մեծաց հոգիներին,

և թող Սուրբ Հոգին մխիթարի ամենքիս ու Անանյան ընտանիքի անդամներին, փարատի վիշտը և թագադրի բոլորի սրտերում հույսը հոգու անմահության և Քրիստոսով փրկության:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)